Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով հարյուրավոր հայեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, սակայն «Արմավիա» ավիաընկերությունը, օգտվելով ստեղծված իրավիճակից, ավիատոմսերի պահանջարկին զուգահեռ սեփական գրպանը լցնելու հարմար առիթը բաց չթողեց եւ կրկնակի անգամ թանկացրեց Երեւան-Հալեպ ավիատոմսերի գները: Ավելին, նա սիրիահայերից պահանջել է գնել հետադարձով տոմսեր: Երեկ քաղաքացիական նախաձեռնությունների մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրին Նալբանդյան փողոցում գտնվող «Արմավիա»-ի կենտրոնական գրասենյակի առջեւ` պահանջելով բիզնեսի շահերը վեր չդասել ազգայինից եւ կոչ արեցին քաղաքացիներին՝ այլեւս չօգտվել ընկերության ծառայություններից:
Ըստ ակտիվիստների՝ արաբները գիտեն՝ ինչ է ամոթը, թասիբը, նամուսը, իսկ «Արմավիա»-ն դրանցից զուրկ է: Ակցիայի մասնակիցներն ամոթանք տվեցին ընկերությանը, թե պատերազմական նման իրավիճակից օգտվելն ու բիզնես շահեր հետապնդելն անամոթություն է, քանի որ Հայաստանը շատ դժվար օրեր է ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսության փլուզում, եւ այդ ժամանակ Հայաստանի կողքին են եղել սփյուռքի հայրենակիցները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակտիվիստներից Նվարդ Մանասյանը նշեց, որ ընկերությունը հակազգային քայլ է կատարում: «Եթե մենք ունենայինք իշխանություն, որը ժողովրդինը կլիներ, այս հարցը շատ հեշտ կկարգավորվեր»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե ընկերությունը հիմա մեզ չկարողանա ապացուցել, թե իսկապես ազգային է, ուրեմն ինքը մեզ պետք չէ:
Մասնակիցներից Ապրես Զոհրաբյանի հավաստմամբ էլ՝ սա ամոթանքի ակցիա է, եւ իրենք փորձում են հասարակական եւ բարոյական պատասխանատվության ենթարկել ընկերությանը: «Միշտ չէ, որ ինչ-որ գործ անում ես ու վստահ ես, որ հաջողության կհասնես, բայց պարզապես սա այն հարցն է, որ չես կարող չանել: Չի կարելի փախստականների գրպանի հաշվին գումար աշխատել»,-ասաց նա՝ նշելով, որ կոնկրետ պլաններ չունեն՝ հետագայի հետ կապված, կսպասեն իրադարձությունների զարգացմանը: Ապրեսյանը նշեց նաեւ, որ ընկերությունից խոստացել են հայտարարություն տարածել. «Իրենք մի հայտարարություն տարարծել էին, թե իբր գները փոխել են ագենտները, որոնք վաճառում են այդ տոմսերը: Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի ագենտ խելքը հացի հետ չի կերել, որ ավել գնով տոմս վաճառի, քանի որ ավիաընկերությունը համագործակցությունը կդադարեցնի»:
Մեր զրուցակիցները պարզաբանեցին, որ ակցիան ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական թեքում չունի, այլ զուտ քաղաքացիական հարթության մեջ է:
Վերջում նշենք, որ ակտիվիստների ամոթանքի կոչերը եւ «Ար-մաֆիա, Ար-մաֆիա» բացականչություններն ընկերությունից այդպես էլ արձագանքի չարժանացան, ինչը կազմակերպիչներին ստիպեց գալ համոզման, որ այս ամենով չեն սահմանափակվի:
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՎԱՂՈՒՑ «ԱՐՄԱՖԻԱ» Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ