Կուսումնասիրվեն գովազդային վահանակների սահմանված չափորոշիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել մայրաքաղաքում տեղադրված գովազդային վահանակների՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանությունն ու, ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հնարավորին սեղմ ժամկետում վերացնելով առկա թերությունները:

«Ընդամենը մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեց մայրաքաղաքում արտաքին գովազդի դաշտում յուրօրինակ մշակույթի ձևավորման, այդպիսով նաև գովազդային վահանակների արդիականացման ուղղությամբ: Նաև գիտեք, որ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, համաձայն որի՝ այժմ փորձում ենք քաղաքաշինական ու հատկապես ճանապարհաշինական աշխատանքների շրջանակում բոլոր տեսակի մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով: Այս պահանջը դրված է նաև գովազդային նոր վահանակների դեպքում, մինչդեռ շատ հաճախ տեսնում ենք, որ այն ուղղակի չի կատարվում: Մենք արել և անում ենք հնարավորը պարտավորությունների կատարման հարցում տնտեսվարողներին աջակցելու համար, սակայն մայրաքաղաքի նկատմամբ անփույթ և անտարբեր վերաբերմունքը պարզապես անընդունելի է: Ուսումնասիրեք իրավիճակը, կատարեք համապատասխան գույքագրումներ: Եղեք շատ խիստ և հետևողական այս հարցում: Այն ընկերությունները, որոնք չեն ապահովի սահմանված չափորոշիչները, վերանայեք վերջինների հետ գովազդի թույլտվության պայմանագրերը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս