Այն, որ հայաստանյան բանկերի հետ գործ ունենալն ամուր նյարդեր ու ազատ ժամանակ է պահանջում, վաղուց հայտնի իրողություն է, բայց հերթական առիթը չօգտագործելն ու բանկային համակարգի սպասարկման ցածր մակարդակի մասին չգրելը, թերեւս ճիշտ չի լինի:
Խոսքն այս անգամ «Արդշինբանկի» մասին է, որտեղ այցելել էինք քարտի գործունեության ժամկետի ավարտի առիթով նոր քարտ ստանալու ակնկալիքով: Գլխամասային գրասենյակում տեղադրված հերթագրման սարքի վրա այսօր 12:14-ին հերթագրվեցինք՝ «քարտի վերաթողարկման» համար եւ սպասեցինք` մինչեւ մեր հերթը գա:
Այդ ընթացքում բանկի աշխատակցուհիները` կոկիկ հանգնված, այս ու այն կողմ էին շտապում: Քաղաքացիների տարաբնույթ հարցերին տալիս էին մեկ պատասխան՝«սպասեք»: Այս ընթացքում քաղաքացիներից մեկը մոտեցավ սպասարկողներից մեկին, պարզվեց «Նուռ քարտի» բաժանորդ է:
Լուսանկարի մեջտեղում երեւացող քաղաքացին բանկի աշխատակցին բացատրում էր, որ իր համար նախատեսված օրը՝ փետրվաի 6-ին, «Երեւան Սիթիի» տերմինալում վճարել է «Նուռ քարտի» գումարը, սակայն բանկի աշխատակցուհին համառ համեստությամբ բացատրում էր, թե դուք ուշացրել եք մուծումը: «Աղջիկ ջան, ինձ ասել եք ամսի 6-ին մուծի, մուծել եմ, թող ասեիք «Սիթիում» մի մուծի, էնտեղ չէի մուծի»,- բացատրում էր քաղաքացին, «հարգելիս, դուք պետք է որեւէ բանկի տերմինալում մուծեիք, կամ բանկում, ձեր գումարը ուշացել է»,- շարունակում էր բանկի աշխատակցուհին: Ի վերջո քաղաքացին բարկացած հեռացավ:
Մի քանի րոպե անց մեկ այլ քաղաքացի դժգոհեց, որ մեկ ժամից ավել է, ինչ սպասում է եւ իր հերթը չի հասնում… Բայց նրան ականջալուր չեղան…
Վերջապես 45 րոպե անց մեր հերթը հասավ… մոտեցանք աշխատակցուհուն, նա բանկի ներքին ցանցում նայեց, զննեց եւ հայտնեց, թե ձեր քարտը ավտոմատ կարգով վերաթողարկվել է եւ գտնվում է մասնաճյուղում՝ որտեղից որ ի սկզբանե այն վերցրել եք: Բացատրեցինք նրան, որ նախորդ տարի նույն մասնաճյուղից նոր քարտ ստանալու համար մեզ ուղղորդեցին գլխամասային գրասենյակ: «Հիմա ի՞նչ անեմ, մասնաճյուղից գնամ, բերեմ, գնացեք ստացեք ձեր քարտը»,- բարկացավ աշխատակցուհին: Մենք էլ փորձեցինք նրան բացատրել, որ դրա փոխարեն կարելի էր այսքան չսպասեցնել, այլ ճշտել ինչի համար էինք սպասում եւ ի սկզբանե ուղղորդել մասնաճյուղ. ի վերջո ժամանակը թանկ է բոլորիս համար: «Դե հիմա ինչ ասեմ, ընդմիջման ժամին եք եկել, բոլորը չէ, որ աշխատում են, հերթով գնում, գալիս են»,- բացատրեց աշխատակցուհին, ում թեեւ հիշեցրեցինք, որ ընդմիջումը սկսվում է 13:00-ից, ավարտվում 14:00-ին: Բայց «Արդշինբանկում» բարքերն այլ են:
Ինչեւէ, ուղեւորվեցինք «Արդշինբանկի» մասնաճյուղ՝ պատրաստի քարտը վերցնելու բուռն ցանկությամբ: Բայց այստեղ եւս կուտակումներ էին:
Մի բարեհամբույր աշխատակցուհի այստեղ էլ առաջարկեց հերթագրվել՝ «քարտի ստացում» կոդի տակ: Բանկում նեղվածք էր, մարդիկ հոգոց հանելով սպասում էին, օդը ծանրացել էր, իսկ մեր կտրոնի վրայի կոդը որեւէ կերպ չէր հաղորդվում:
Այստեղ շուրջ մեկ ժամ սպասեցինք, որպեսզի աշխատակցուհիներից մեկն ազատվի, 2 րոպե ժամանակ տրամադրի մեզ՝ բանկի որեւէ դարակից քարտը վերցնելու եւ մեզ հանձնելու համար: Բայց անօգուտ: Այս մասնաճյուղում էլ թեթեւ վիճաբանություն եղավ. մի քաղաքացի ցանկանում էր որդու անունից վճարել գույքահարկ, սակայն բանկի աշխատակցուհին պահանջում էր սոցքարտ, այլ ոչ թե անձնագիր: Քաղաքացին բացատրում էր, որ մարդու անձը հաստատող փաստաթուղթը անձնագիրն է, այլ ոչ թե սոցքարտը, սակայն անօգուտ: Բանկի հսկիչ ոստիկանը ստիպված եղավ միջամտել՝ քաղաքացուն բացատրելով, որ նոր հրաման է իջել ՀՀ Կենտրոնական բանկից: Այստեղ մի խումբ քաղաքացիներ հիշեցին ԿԲ աշխատակազմին՝ բոլոր անհրաժեշտ հապավումներով:
Հասկանալով, որ հերթը որեւէ կերպ առաջ չի գնում, եւ մեկ ժամից ավել է, ինչ սպասում ենք, ստիպված եղանք մտնել բանկի մասնաճյուղի կառավարիչ Գրիգորյանի մոտ, ներկայացնել իրավիճակը, բացատրել, որ քարտը ստանալու համար մեծ շքեղություն է 12-ից մինչեւ 14:30-ը անցկացնել բանկի տարբեր մասնաճյուղերում:
Բարեբախտաբար կառավարիչը ադեկվատ գտնվեց, անմիջապես հրահանգեց գտնել քարտը եւ փոխանցել՝ արտահերթ կարգով: Այդ գործընթացը 2 րոպե պահանջեց բանկի աշխատակցուհուց: Այսինքն՝ 2 րոպեանոց գործարքը կամ աշխատանքը «Արդշինբանկում» կատարում են նվազագույնը 2.5 ժամում՝ այն էլ՝ միայն կառավարիչի կարգադրությամբ:
Պատկերացնել կարելի է, թե քանի ժամ է անհրաժեշտ այս բանկում որեւէ լուրջ գործարք անելու համար: Մի խոսքով, ամուր նյարդեր են հարկավոր «Արդշինբանկ»-ի հետ գործ ունենալու համար: