Այս տարվա հուլիսի 12-ին Քարվաճառի զորամասերից մեկում ծառայության անցած նորակոչիկ Դավիթ Մարկոսյանն անդրավարտիքն ուղղելու համար վիրավորանքներ է ստացել սպայի կողմից: Իսկ երբ փորձել է արժանապատվությունը պաշտպանել, վեճ է ծագել, որի արդյունքում զինվորը աթոռով հարվածել է սպային: Այժմ կալանավայրում գտնվող նորակոչիկ Դավիթի մայրը որոշել է չշարունակել պայքարել որդու ազատության համար: Նա «Ժողովուրդ»-ին ասաց, որ Հայաստանում արդարություն չկա:
ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 5-րդ կայազորում հուլիսի 13-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 358-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): Դավիթ Մարկոսյանը կալանավորվել է հուլիսի 14-ին: Այժմ նա գտնվում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում: Իսկ մայոր Գարեգին Պողոսյանի նկատմամբ առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Ըստ քննչական ծառայության աշխատակցի՝ հնարավոր է, որ մոտ ապագայում առաջադրվի:
Տեղեկացնենք, որ ժամկետային զինծառայող Դ. Մարկոսյանը 2012-ի մայիսի 23-ին Վանաձոր քաղաքից է զորակոչվել հայոց բանակ եւ ծառայության է ուղարկվել Քարվաճառի (Քելբաջար) Չոփռլու գյուղում տեղակայված հակահրետանատանկային 1-ին մարտկոց:
Ինչի՞ց է սկսվել միջադեպը: Դավիթի մայրը` տիկին Նաիրան, օրեր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին տեղեկացրել էր այն մասին, որ հուլիսի 12-ի առավոտյան դիվիզիայի հրամանատարը՝ մայոր Գարեգին Պողոսյանը, տագնապ է հայտարարել մեքենայի տեխնիկական եւ զինվորների պատրաստվածության վիճակը ստուգելու համար: Այդ ժամանակ Դավիթի «շալվարի» փողքը երկարաճիտք կոշիկի տակից դուրս եկած է եղել: Զինվորը մի ձեռքով փորձել է ուղղել «շալվարը», իսկ մյուսով` զենքն է բռնել: Մայոր Պողոսյանը, նկատելով դա, մոտեցել է Դավիթին ու կոպտել. «Ա՛յ ոչխար, հլը ուղղվի՛»: Վիրավորելուց հետո սկսել է ստուգել մեքենան: Ստուգումներից հետո Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ` վիրավորանքի համար բացատրություն պահանջելու: Մտնելով աշխատասենյակ՝ մայորին հարցրել է. «Էդ ի՞նձ էիք ասում այ ոչխար»: Մայորն էլ պատասխանել է, թե` ոչ միայն էդ եմ ասում, այլ ուրիշ բաներ: Ու սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Չհանդուրժելով սպայի հայհոյանքները՝ Դավիթը երկու ձեռքով հարվածել է մայորի գլխին՝ ականջների ուղղությամբ: Հետո սկսել են իրար հարվածել: Այդ ժամանակ Դավիթը փորձել է դուրս գալ սենյակից, բայց մայորը բռնել է նրա ձեռքը եւ չի թողել: Նորակոչիկը ճարահատյալ աթոռի հարվածով փորձել է դուրս պրծնել մայորի ձեռքից:
Այս միջադեպից հետո՝ հուլիսի 13-ին, Դավիթին տեղափոխել են Մարտունու 5-րդ կայազորի կալանատուն:
Իմանալով որդու կալանավորման մասին՝ նրա մայրը՝ տիկին Նաիրան, հուլիսի 19-ին մեկնել է Մարտունի եւ տեսել, որ որդին այն նույն տղան չէ, որին ինքը տեսել էր վերջին անգամ՝ զինվորական երդման արարողության ժամանակ: «Տղայիս այտն ատամի ցավի հետեւանքով այտուցված էր: Դժվարանում էր խոսել: Ուներ 82-83 կգ քաշ, բայց շատ նիհարած էր, իսկ այտոսկրերը ցցված էին: Դաստակին էլ կապտուկ կար, իսկ ոտքը խոսելու ժամանակ դողում էր»,-նկարագրեց մայրը: Հանդիպման ժամանակ մորը թվացել է, թե ներքեւի առաջնային ատամնաշարը ետ ընկած է:
Տեղեկացնենք, որ հենց այդ օրը առերեսում է տեղի ունեցել զինվորի եւ սպայի միջեւ, բայց առանց փաստաբանի իմացության եւ ներկայության: Առերեսումից անմիջապես հետո ռազմական ոստիկանության 7-րդ կայազորի կալանատնից զինվորին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Երեկ տիկին Նաիրան «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ չի ցանկանում շարունակել իր պայքարը որդու ազատության համար: Ի՞նչն է պատճառը. հարցին մայրը պատասխանեց. «Մեկ ա ոչինչ հնարավոր չի լինելու փոխել: Իզուր տեղը վտանգելու եմ որդուս կյանքը: Մենք սպասելու ենք նախաքննության ավարտին»: Եթե նախաքննությունից հետո Դավիթին մեղավոր ճանաչեն ու դատապարտեն 3 կամ 5 տարի ազատազրկման, այդ դեպքում ի՞նչ քայլերի եք դիմելու: Մեր այս հարցին ի պատասխան՝ տիկինն ասաց. «Եթե դատապարտեն, մեր ձեռքին ոչինչ չկա: Արդարություն չկա: Չեմ պայքարելու»:
Այսպիսով՝ զինվորն ընդամենը անդրավարտիքն ուղղելու համար արժանացավ անբարեխիղճ սպայի ոչ համարժեք արձագանքին, իսկ երբ փորձեց իր արժանապատվությունը պաշտպանել, հայտնվեց ճաղերի հետեւում: Ա՜յ քեզ արդարություն:
5 ՏԱՐԻ՝ ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ