Երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել 13 քաղաքացու, որոնք գիշերը` 02:00-ի սահմաններում, իրենց «գոլդ» մեքենաներով հավաքվել են Նոր Նորքի Գայի փողոցում՝ ինչ-որ հարց լուծելու համար: Սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել երիտասարդների «ռազբորկան» եւ նրանց բոլորին իրենց «գոլդ» մեքենաների հետ միասին «տեղափոխել» բաժին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մասիվի շուկային հարող տարածքում գիշերը՝ ժամը 02:00-ին մոտ, ինչ-որ հարցեր պարզաբանելու կապակցությամբ հավաքվել են մի խումբ երիտասարդներ: Ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել սպասվող «ռազբորկայի» մասին, եւ երբ արդեն բոլորը հավաքված են եղել, կարողացել է կանխել երիտասարդների բախումը: Նրանց «զինվածության» աստիճանից կարելի է եզրակացնել, որ վերջում այդ «հավաքույթը» կա՛մ ծեծկռտուքի կվերածվեր, կա՛մ արյունահեղության:
Ոստիկանության ՀԿԼՎ-ից տեղեկացանք, որ դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի երկու ատրճանակ, գաղտնի փականով դանակներ եւ թմրամիջոց: Դեպքի վայրում եղած 13 հոգին բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
«Գիշերային հերոսները» Երեւանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ են՝ 41-ամյա Հակոբ Պետրոսյանը, 27-ամյա Կարեն Ապիկյանը, ում մոտ հայտնաբերվել են դեղահաբեր ու դանակ, 32-ամյա Մանուկ Սիմոնյանը, ում մոտ հայտնաբերվել է դանակ, 38-ամյա Վաղարշակ Հակոբյանը, ում մոտ հայտնաբերվել է դեղահաբ եւ դանակ, 28-ամյա Դավիթ Խաչատրյանը, 25-ամյա Հրաչ Գասպարյանը, ում կողմից վարած «Աուդի» մակնիշի 90 QO 006 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 29-ամյա Էռնեստ Բուդաղյանը, Արտակ Հակոբյանը, 52-ամյա Ժորա Օհանջանյանը, 28-ամյա Արման Սիմոնյանը, 68-ամյա Գեւորգ Գրիգորյանը, 31-ամյա Հայկ Զոհրակյանը, 30-ամյա Կարեն Աբրահամյանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանման տարածք են տեղափոխվել՝ «ԲՄՎ X5» մակնիշի 12 TT 111 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 12 ՍՏ 388 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 77 QD 771 համարանիշի, «Աուդի Ա6» մակնիշի 90 QO 006 համարանիշի, «Ֆոլկսվագեն» մակնիշի 29 ՍՏ 471 համարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 01 QQ 100 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 22 ՍՏ 232 համարանիշի, «ԲՄՎ X5» մակնիշի 14 ՕԼ 492 համարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 29 ԼՍ 668 համարանիշի եւ «Վազ 2107» մակնիշի 04 ՍՍ 386 համարանիշի ավտոմեքենաները:
Նոր Նորքի թիվ 7 շուկայի հետնամասի զննությամբ այնտեղ կայանված «Մերսեդես», «ԲՄՎ-X5», «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներից 10 մ հեռավորության վրա գտնվող զուգարանի մուտքի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով: Նշանակվել են դատաքիմիական, դատատեխնիկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բերման ենթարկվածներից Արտակ Հակոբյանը եւ Հրաչ Գասպարյանը ձերբակալվել են: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կատարվում է նախաքննություն:
ԱՏՐՃԱՆԱԿ, ԴԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ