Շուրջ 150 երդվյալ ազատամարտիկ մեկնում է առաջին գիծ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ զինվորի կողքին լինելու, նրան ոգեշնչելու ու հայրենի երկրի սահմանները պաշտպանելու առաքելությամբ ավելի քան 5000 անդամ ունեցող «Երդվյալ ազատամարտիկների» միության 150-ից ավելի ներկայացուցիչներ պատրաստվում են ճանապարհ ընկնել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վերջին շրջանի լարվածությունն ու սահմանային միջադեպերն առաջին գծում կռված հերոսներին պարտավորեցնում են կրկին լինել սահմանին ու թշնամուն հասկացնել, որ հարկ եղած դեպքում պատրաստ են նորից կռվի ելնել:

Ճանապարհ ընկնելուց առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ազատամարտիկների հետ: ԲՀԿ նախագահի հետ զրույցում ազատամարտիկները նախ իրենց խորը զայրույթն ու վրդովմունքը հայտնեցին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու հետ կապված: Նրանց գնահատմամբ՝ կատարված բռնարարքը ոչ այլ ինչ է, քան երկրում տիրող ամենաթողության ու անպատժելիության վառ օրինակ:

Միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը Գագիկ Ծառուկյանին տեղեկացրեց, որ ազատամարտիկներն այս պահին ցանկություն ունեն մնալ Հայաստանում և միության 5000 անդամների հետ միասին հետամուտ լինել բռնության բացահայտմանն ու մեղավորների պատժմանը: Գագիկ Ծառուկյանը նրանց հորդորեց մեկնել Արցախ ու կատարել իրենց առաքելությունը՝ խոստանալով, որ բոլոր մեղավորներն անպայման ստանալու են իրենց արդարացի պատիժը: Անդրադառնալով ազատամարտիկների՝ Արցախ մեկնելու և հայ զինվորներին ոգեշնչելու ցանկությանը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ազատամարտիկները արժանապատիվ ու հայրենանվեր գործ են նախաձեռնել, ինչը մեծ պատիվ ու հպարտություն է յուրաքանչյուրի համար:

Գագիկ Ծառուկյանը կոչ արեց շարունակել նույն ոգով ու նվիրումով, քանի որ հայրենիքն ունի նրանց կարիքը: Ազատամարտիկները ձեռնունայն չեն գնում դիրքեր. սահմանն անառիկ պահող զինվորների համար իրենց հետ տանում են առաջնային անհրաժեշտության ապրանքները:

«Որքան էլ շատ լինեն մեր ծրագրերն ու դրանք իրականացնելու ձգտումը, միևնույն է, ոչինչ անել չէր հաջողվի, եթե չլիներ Ձեր անվերապահ աջակցությունը»,-դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծեցին ազատամարտիկները: Հերոս-ազատամարտիկները հայկական 2-րդ պետության առաջին գծում կլինեն մի քանի օր, իսկ վերադարձից անմիջապես հետո «Երդվյալ ազատամարտիկների» միության ներկայացուցիչները կայցելեն նաև Տավուշի մարզ:




Լրահոս