ԱՆԿԵՂԾ ՑԱՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը Հայ ազզային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հուլիսի 20-ին դատապարտեց 6 տարի ազատազրկման:  Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը, դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: Բոլորն են հիշում, թե ինչ «հանցանք» են գործել ակտիվիստները: Նրանք համարձակվել էին ոստիկանների հետ խոսել ոչ թե հնազանդվողի, ենթակայի, այլ տիրոջ իրավունքով: Եւ ահա այդ պահվածքն արժանացավ ամենախիստ պատժին, որը ընդդիմադիրները համարում են քաղաքական որոշման հետեւանք, իսկ տղաներին՝ քաղբանտարկյալներ:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ ՀՀ ոստիկանությունը եւ դատարանը «վճռականորեն» գնացին մինչեւ վերջ ու երիտասարդներին արժանացրին ամենախիստ պատժին: Արդյոք վճիռն իր մեջ քաղաքական պատվեր չի պարունակում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ցավում ենք Հայ ազգային կոնգրեսի այս չորս երիտասարդ ակտիվիստների համար: Մենք՝ որպես քաղաքացի, ունենք մեր դիրքորոշումը, սակայն, պահելով օրենքի պահանջը, իրավունք չունենք որեւէ կերպ միջամտել դատական գործընթացին՝ որեւէ կարծիք կամ դիրքորոշում հայտնելով: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանն ավելի մեղմ մոտեցում կցուցաբերի երիտասարդների հանդեպ:

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ իրավական հարթությունում գտնվող հարցերը ճիշտ չէ տեղափոխել քաղաքական հարթություն: Ցանկացած նման հարց, որի լուծումն իրավական դաշտում է, պետք է լուծվի հենց իրավական դաշտում: Ինքս մասնագիտությամբ իրավաբան չեմ եւ դժվարանում եմ ասել՝ այդ պատիժն ամենախիստն էր, թե ամենաթույլը, թե առհասարակ նման պատիժ պետք էր տալ: Գործի մանրամասներին ես անձամբ ծանոթ չեմ, բայց հաշվի առնելով նրանց տարիքը, կարելի էր ավելի մեղմ վերաբերվել, քանի որ նրանք երիտասարդներ են, եւ իրենց կյանքն առջեւում է: Ես շատ կուզեի, որ մենք ի վերջո համոզված լինեինք, որ իրավական համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատվերի ազդեցության տակ չի կարող ընկնել եւ չպիտի ընկնի: Չեմ կարծում, որ կա քաղաքական պատվեր: Հարցը լուծվել է իրավական հարթությունում: Մենակ իրե՞նք են ոստիկանների հետ բախվել, ինչո՞ւ իրենց պատժեցին. ես հարցին պատասխան չունեմ:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի  նախագահի տեղակալ

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս