ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կտրվեն մի շարք հարցերի պատասխաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունն այսօր Գործադիր մարմնի նիստ է անցկացնելու: Ավանդաբար հինգշաբթի օրերին անցկացվող նիստն այս անգամ կգումարվի այսօր: ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը, սակայն, այստեղ որևէ խնդիր չի տեսնում` նշելով, թե նիստերը կարող են գումարվել շաբաթվա բոլոր օրերին:  Նիստը կգումարվի 20:30-ին:

Ակնհայտ է, որ նիստն այսօր անցկացնելը կապ ունի ԲՀԿ-ի շուրջ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն փետրվարի 5-ին խորհրդաժողով էր հրավիրել, որտեղ նույնիսկ խոսք էր գնացել արտահերթ ընտրությունների մասին: Բավարարվելով խորհրդաժողովի մասին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի պատասխանով՝ ՀՀԿ-ականները նշել էին, թե մնացած հարցերին պատասխան կտրվի հենց ԳՄ նիստից հետո:

Իսկ երկու օր առաջ էլ` փետրվարի 7-ի առավոտյան, առևանգվել էր «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ում ժամեր անց ծեծված էին հայտնաբերել իր տան դիմաց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների և սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: ԲՀԿ-ն էլ իր հերթին մեղադրում է իշխանություններին: Այս ամենը ոչ միայն հետաքրքիր էր ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությամբ, այլև՝ առաջին հերթին խնամիներ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի փոխադարձ մեղադրանքներով:




Լրահոս