ՊԱՐԿՈՒՃԸ ՓՈԽԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 25-ի դատական նիստում ներկայացվում էին գործով իրեղեն ապացույցները՝ Ա. Նազարյանի բջջային հեռախոսը, նրա պատի օրացույցները, ծոցատետրը, տետրերը, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի բջջային հեռախոսը եւ այլն: Չնայած դատավոր Սամվել Մարդանյանը դատարանում հայտարարում էր, որ տեղի է ունենում իրեղեն ապացույցների հետազոտում, սակայն կարելի է ասել, որ դրանք կիսով չափ էին հետազոտվում: Ծովինար Նազարյանը լուսանկարում էր իրեղեն ապացույցները, սակայն երբ քանդեց հանգուցյալ եղբոր՝ Ա. Նազարյանի բջջային հեռախոսը, դատավորը հայտարարեց, որ դա չի կարելի անել, այս փուլում իրեղեն ապացույցը կարելի է միայն նայել, բայց ոչ հետազոտել:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեղեն ապացույցների փաթեթները տեղավորող որոշ ծրարներ քննիչի կողմից կնքված չեն: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ուշադիր զննեց այն պարկուճը, որն իբր գտնվել է Նազարյանի ինքնասպանության վայրում: Ռ. Մարտիրոսյանը հաստատեց նախկինում իր արած պնդումը, որ պարկուճը փոխված է: Նրա խոսքերով՝ 16 տարվա իրավապաշտպան գործունեության մեջ առաջին անգամ է տեսնում, որ նախաքննությունը նման կեղծիքով կատարված լինի:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, ուսումնասիրելով Ա. Նազարյանի գնումների տետրը, արդեն դատարանի դահլիճից դուրս հայտարարեց, որ 2010թ. հուլիսի 19-ին Արտակ Նազարյանը ոչ մի շիշ  չի գնել: Մինչդեռ պլաստմասսե շշի պատմությունը մեղադրական եզրակացության առանցքային կետերից է: Արտակ Նազարյանը մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, նայելով իր հանգուցյալ որդու՝ խանութներին ունեցած ոչ մեծ պարտքի եւ ծառայակիցների կողմից Արտակին ունեցած պարտքի ցանկը, մեզ հայտնեց, որ Արծվաբերդ գյուղի մթերային խանութի աշխատողն Արտակի մահից հետո նրա ունեցած 8300 դրամ պարտքի դիմաց իրենից 40 հազար դրամ է գանձել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս