Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի դեպքով փետրվարի 4-ին ձերբակալված, փետրվարի 6-ին ազատ արձակված 22-ամյա Մնացական Ալեքսանյանն ու նրա հարազատները մինչ օրս չեն կարողանում հասկանալ` ինչու են իրավապահ մարմինները ձերբակալել հենց նրան. ոստիկանությունից ո՛չ Մնացականին, ո՛չ էլ նրա փաստաբանին որևէ պարզաբանում այս հարցի շուրջ չի տրվում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց երիտասարդի հայրը` Մարտիրոս Ալեքսանյանը, ում խոսքով` նրանք, մի քանի օր է, դիմում են նշված հարցով, սակայն պատասխանատու կառույցները հարցն անպատասխան են թողնում:
«Երեխաս դեռևս շոկի մեջ է, չի կարողանում ուշքի գալ: Մեկուսացել է, դեռ այդ տեսարանն է անընդհատ աչքի առաջ: Բայց համոզված եմ՝ ժամանակի հետ ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզապես չենք հասկանում` ինչու հենց նրան ձերբակալեցին: Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ ասում` որդիս այդ օրը հաշտարարի դերում է եղել, ոչ թե կռիվ հրահրողի: Տեսագրության մեջ էլ դա պարզ երևում է: Ճիշտ է, այնտեղ մի պահ նա ևս քարեր է նետում պատգամավորի մեքենայի ուղղությամբ, սակայն նույն գործողությունն արել են այլ մասնակիցներ ևս ու ավելի երկար ժամանակ: Այդուհանդերձ, բերման է ենթարկվել միայն որդիս»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր հարցին` ինչու է նա այդքան համոզված, որ այլ մասնակիցներ ևս չեն ձերբակալվել, Մարտիրոս Ալեքսանյանը բացատրեց. «Նախ՝ ոչ ոք աղմուկ չի բարձրացրել, կամ չի բողոքել, որ նման բան է եղել: Եվ հետո՝ կարծում եմ` միանգամից բոլորն էլ կիմանային, եթե այս գործով որևէ մեկը ևս ձերբակալված լիներ: Ասեմ, որ սկզբում մի քանի անգամ Մնացականին հարցաքննել են: Հետո անցավ երկար ժամանակ, ու ձերբակալեցին: Դա էլ մեզ համար տարօրինակ էր. ասում ենք` ի՞նչ պիտի գտած լինեին, որ հանկարծ անսպասելի ձերբակալեին»,- շարունակեց Մարտիրոս Ալեքսանյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ թեպետ առաջին իսկ պահից մտավախություն են ունեցել, որ ՁՊՎ-ում որդու նկատմամբ բռնություն կգործադրեն, սակայն վստահեցրեց, որ որևէ նման բան այնտեղ տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին: 72 ժամ անց նա ազատ է արձակվել: Երիտասարդը մասնակցել էր Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դեպքի առնչությամբ տեղի ունեցած բախումներին:
Լուսանկարը` ԳԱԼԱ-ի