Երեկ Նոր Նորքի 4-րդ զանգվածում ինքնահրկիզված 47-ամյա Աննա Բադալյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից: Բ/Կ բժշկի փոխանցմամբ` բժշկական պրակտիկայում չի հանդիպել դեպք, որ նման վիճակում հայտնված մարդն ապրի:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` 05:00-ին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս։
Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կից պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։