ՍԴ-ն առաջիկա ժամերին կորոշի` Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթը սահմանադրականության, թե իրավակարգավորման խնդիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 10-ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առավ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա գործը: Վերջինս վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի՝ Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը, 1-ին մասի սահմանադրականությունը:

Հաշվի առնելով, որ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գործով ըստ էության որոշում կայացնելու:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասում ամրագրված են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա  վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը:

Ըստ այդմ՝ բողոքարկման ենթակա են.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:

ՀՀ վճռաբեկ դատարանն այս ցանկը բողոքարկում է այնքանով, որ դրանում բացակայում է գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված՝ օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը գտնում է, որ այս նորմը սահմանադրականության խնդիր չի առաջացնում, այլ իրավակարգավորման խնդիր կա, քանզի գործի վարույթը կարճելու մասին որոշումն ինքնին միջանկյալ դատական ակտ չէ: Հետևաբար, ըստ պատասխանող կողմի,  այն չէր կարող ներառված լինել  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասում, այլ պետք է կարգավորում տրվեր օրենսգրքի մեկ այլ հոդվածով:

Ի դեպ՝ 2014թ.-ի սեպտեմբերից ԱԺ-ի նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում արդեն իսկ ընդգրված է ՀՀԿ մի խումբ պատգամավորների հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է 97-րդ հոդվածը լրացնել 2.1 մասով՝ ամրագրելով, որ գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով:

Բացի այդ, առաջարկվում է օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ  սահմանված է վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, կատարել լրացում, ըստ որի նման իրավունք ունեն նաև դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործի վարույթը կարճելու մասին որոշում:




Լրահոս