Հնարավոր է` ևս 4 օր մարդիկ Լարսում արգելափակված մնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի և կապի նախարարությունում Armlur.am-ի զանգից հետո միայն խոստացան ճշտել և պարզաբանել, թե արդյոք երեկ ուժեղ ձյան և բքի պատճառով անանցանելի դարձած Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոճանապարհին հայկական պետհամարանիշով ավտոմեքենաներ և ՀՀ քաղաքացիներ մնացել են, թե` ոչ:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով փետրվարի 9-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երկկողմանի փակ է:

Armlur.am-ի տեղեկություններով` փակված ճանապարհը հնարավոր է ամենաշուտը 4 օր հետո բացել: ՀՀ-ից մեկնել պատրաստվող քաղաքացիները ևս անորոշության մեջ են: Հստակ որևէ բան նրանց չի ասվում այն մասին, թե ճանապարհը երբ կբացվի: Իսկ ըստ հավաստի տեղեկությունների՝ այնքան շատ է ձյուն եկել այդ տարածքում, որ այս պահին անգամ մաքրման աշխատանքներ չեն կատարվում: Վրացական կողմը սպասում է բնակլիմայական պայմանների մեղմացմանը, որպեսզի ձեռնամուխ լինի ճանապարհի մաքրման գործին:

Այս անհեթեթ իրավիճակում դարձյալ օրախնդիր է դառնում նման ճանապարհ ունենալու պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խնդիրը: Պարզ է, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ անորոշ ժամանակահատվածով ճանապարհը փակվում է: Եթե առատ ձյունը հաջողվի մաքրել, ապա շատ չանցած՝ Լարսի ճանապարհը վտանգավոր և անկանխատեսելի է դառնալու, հիմա էլ՝ գարնանային վարարումների պատճառով: Ու ստացվելու է, որ էլ ավելի կենսական դարձած այս ճանապարհը տարվա որոշակի ամիսներին չի գործում և չի գործելու:




Լրահոս