ԲՀԿ խմբակցությունը կարող է բոյկոտել Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքները, եթե մինչ հերթական քառօրյայի մեկնարկը չբացահայտվեն ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի պատվիրատուները:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում իշխանություններին, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին կոպիտ պատասխան է տվել իր խնամի Գագիկ Ծառուկյանին: Վարչապետը նախազգուշացրել է, որ հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: ԲՀԿ-ն, սակայն, շարունակում է մնալ նույն կարծիքին: Խնամիների` միմյանց դեմ դուրս գալը շատերը քաղաքական իրադարձությունների հետևանք են համարում, մյուսները` շոու, ոմանք էլ` PR:
Ինչպես նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, եթե մինչև այդ օրը բացահայտված չլինի դեպքը, անկախ համախոհ քաղաքական ուժերի պահվածքից՝ իրենք կարող են բոյկոտել քառօրյան:
Ազգային ժողովի մյուս ոչ իշխանական խմբակցությունները դեռևս չեն շտապում իրենց որոշումը հայտնել բոյկոտի առաջարկի շուրջ: Չնայած «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես» և ՀՅԴ խմբակցություններն առհասարակ դատապարտում են ցանկացած բռնության դեպք, սակայն բոյկոտի մասին միասնական որոշում դեռ չեն ընդունել: Վերջերս բռնության դեպքերը շատացել են, սակայն քաղաքական բոյկոտի դեռևս չեն վերածվել: Եթե ոչ իշխանական ուժերին հաջողվի միասնական որոշում կայացնել և բոյկոտել, դա կարող է քաղաքական նոր մշակույթ ստեղծել:
Նշենք, որ Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքները մեկնարկելու են փետրվարի 23-ին: