«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի վարող Հրաչ Մուրադյանը համացանցի իր էջում գրել է, որ տարբեր կազմակերպություններ և ընկերություններ հաղորդաշարի ու համանուն բարեգործական հիմնադրամի անունից պարբերաբար զանգահարում են մարդկանց, սուտ տեղեկություններ տրամադրում եւ դրամահավաքներ կազմակերպում:
«Այս անգամ մոլորության մեջ է գցում «Դիլ մաստեր» ՍՊԸ-ն: Աշխատակիցները զանգահարում են մարդկանց, ներկայանում «Կիսաբաց լուսամուտների» գործընկեր, առաջարկում մանկական ամսագրեր, սկավառակներ կամ նկարչական ալբոմներ գնել: Եվ այս ամենն անում են բարեգործության անվան տակ»,-գրել է նա:
Հաղորդավարը վկայել է, որ «Կիսաբաց լուսամուտների» խմբագրությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր դարձել են նման խաբեության զոհ: «Մենք պաշտոնապես տեղեկացնում ենք, որ հաղորդաշարը չի համագործակցում նշված ընկերության հետ եւ որեւէ կապ չունի զանգերի ու հավաքվող գումարների հետ»,-եզրափակել է Հրաչ Մուրադյանը: