Տիգրան Հեքեքյանի ղեկավարած “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախումբը շարունակում է իր համերգային 40-նօրյա շրջագայությունը Ճապոնիայի քաղաքներում: 2001թ. Եվրոպական Երգչախմբային Ֆեդերացիայի կողմից Մշակույթի Դեսպանի տիտղոսին, ապա 2002-ին Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի կոչմանն արժանացած հայ մանուկների խումբն այս անգամ Ծագող արեւի երկրում է կատարում հայ արվեստը տարածելու իր առաքելությունը:
Նախատեսված 18 համերգների մեծ մասն արդեն կայացել է: Դահլիճները լեփ-լեցուն են, իսկ զուսպ ճապոնացիները հայ երգչախմբին ծափահարում են ոտընկայս, արցունքն` աչքերին:
Դասական, ժամանակակից, հայ հոգեւոր, ժողովրդական, ջազային ստեղծագործություններից զատ Տիգրան Հեքեքյանը երգչախմբի երգացանկում ընդգրկել է մեծ թվով ճապոնական գործեր, որոնք առավելագույն ոգեւորությամբ են ընդունվում:
“Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախմբի համբավն այնքան մեծ է, որ ճապոնացի ընտանիքները, սեփական քաղաքում համերգի տոմս չկարողանալով ձեռք բերել, ճանապարհ են կտրում, հասնում այլ քաղաք` հայ երեխաներին ունկնդրելու համար:
Օգոստոսի 10-ին “Հայաստանի Փոքրիկ Երգիչները” ելույթ կունենան Ճապոնիայի ամենահայտնի աշխարհահռչակ Տոկիոյի Opera City դահլիճում: Տոմսերը սպառվել են ամիսներ առաջ, երբ խումբը դեռ Հայաստանում էր: