Մարտի 15-ին տեղի կունենան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Armlur.am-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ արդեն իսկ մի քանի համայնքում կան առաջադրված թեկնածուներ, որոնք մեծ մասամբ արդեն իսկ գործող համայնքի ղեկավարներն են:
Արագածոտն մարզի Օհանավան համայնքում ղեկավարի ընտրությունների համար դեռևս առաջադրվել է մեկ թեկնածու` անկուսակցական և ինքնաառաջադրված Միսակյան Խաչատուրը: Արմավիր մարզի Արմավիր քաղաքի ղեկավարի ընտրությունների համար կրկին մեկ թեկնածու է առաջադրված: Նա ներկայիս ղեկավար ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանն է:
Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, ներկայիս համայնքի ղեկավար Մխիթար Դանիելյանը: Բջնի համայնքում առաջադրված է երկու թեկնածու: Նրանցից մեկն անկուսակցական Սուրեն Հարությունյանն է, մյուսը` ներկայիս համայնքի ղեկավար Արմեն Մաթևոսյանը: