ՊԵԿ-ը մարիխուանա, խաղող եվ հագուստ է գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետեւողական վերահսկողություն իրականացնել մաքսային ոլորտում, մասնավորապես մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այդ միջոցառումների շրջանակում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մի շարք դեպքեր են բացահայտել:
Այսպես, Երեւանում բնակվող ԱՄՆ քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված ծանրոցի նախնական զննման ժամանակ վարչության աշխատակիցները գետնանուշի յուղի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Բագրատաշենի մաքսակետում եւս կանխվել է մաքսանենգության դեպք. զննության է ենթարկվել KAMAZ մակնիշի ավտոմեքենան, որն Իրանից Մեղրիի մաքսակետով տարանցիկ փոխադրում էր վրացական ընկերությանը պատկանող 8.5 տոննա ընդհանուր քաշով բեռը: Այստեղ էլ պարզվել է, որ Այնթապ գյուղի տարածքում բեռնատարի փականն առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու բացվել է եւ եղած բեռը, մասնավորապես` զուգագուլպաներ եւ ռետինե արտադրանք, փոխարինվել է նույն քաշի այլ ապրանքով: Նման մեկ այլ դեպք էլ բացահայտվել է Բավրայի մաքսակետում, երբ Վրաստանի քաղաքացի Մոռալիշվիլին փորձել է հայտարարագրված մոտ 5 տոննա գազարի անվան տակ Հայաստանից Վրաստան արտահանել մոտ 10 տոննա խաղող` պատճառաբանելով, որ Վրաստանում արգելված է խաղողի ներկրումը:
Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից մաքսային կանոնների խախտման մեկ այլ դեպք էլ օրերս է կանխվել. “Ֆիրմա Նյու” մաքսային հսկողության տարածքում արտաքին տեսողական զննման է ենթարկվել քաղաքացի Սասուն Կոծինյանի կողմից ՀՀ ներմուծված բեռը տեղափոխող “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա հայտարարագրված եւ առկա բեռի քաշի միջեւ: Քաղաքացի Կոծինյանի խոսքով, Բագրատաշենի մաքսակետում բեռը ստուգելուց եւ կապարակնքելուց հետո մինչեւ մաքսային պահեստ մտնելը, առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու, չհայտարարագրված ապրանքի մի մասը` 640 կգ ընդհանուր քաշով հագուստ եւ կենցաղային ապրանքներ, նա բեռնաթափել է Աբովյան քաղաքի իր ավտոտնակում` մաքսային վճարներից խուսափելու նպատակով:




Լրահոս