Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեցին ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունները, որոնց հայտավորվել է 110 մարզիկ՝ 30 ծանրորդուհի և 80 ծանրորդ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է, որ այս ստուգատեսի արդյունքներով կընտրվեն այն մարզիկները, ովքեր կսկսեն նախապատրաստվել ապրիլի 10-18-ը Թբիլիսիում կայանալիք` մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Կանանց մրցաշարի բոլոր մրցանակակիրները հայտնի կդառնան այսօր, իսկ վաղվանից պայքարի մեջ են մտնելու տղամարդիկ:
Փետրվարի 11-ին մրցահարթակը կտրամադրվի 56 կգ ու 62 կգ քաշային ծանորդներին: Ալավերդյանը հայտնում է նաև, որ մինչ Հայաստանի առաջնության մեկնարկը` մեր կանանց ու տղամարդկանց հավաքականները 2-ական ուսումնամարզական հավաք են անցկացրել Աբովյանում ու Ծաղկաձորում: