Pastinfo.am-ը գրում է. Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին:
Միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը 06-ի սահմաններում, մուտք է գործել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից արձակած կրակոցներից տեղում ապանել է նույն տան բնակիչներ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ սվին-դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Սերյոժա Ավետիսյանը հայտնաբերվել է և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ավաղ, օրեր անց մահացել է:
Ապա վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որով սահմանված է, որ «քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (…)», Երեմ Սարգսյանը նշում է, որ սույն քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և բացահայտման նպատակով գտնում է, որ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա սույն հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել՝ դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով:
«Նախ՝ հաշվի առնելով սույն քրեական գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքների և այդ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ որոշ լրատվական միջոցներով հնչեցված այն կարծիքներն ու հայտարարությունները, որ հնարավոր է այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովը չի կատարել՝ անհանգստություն են առաջացրել նաև տուժող կողմի մոտ. հատկապես հաշվի առնելով, որ Վ.Պերմյակովի հագուստները, նրան ամրակցված ինքնաձիգը բացահայտորեն թողնվել են դեպքի վայրում, գտնում եմ, որ քննության առարկա պետք է դարձվի նաև այդ վարկածը և կատարվեն այն հերքելուն կամ հաստատելուն ուղղված անմիջական գործողություններ:
Բացի այդ, քրեական գործում առկա որոշ տվյալների վերլուծությունը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ անել, որ հանցագործության կատարմանը Վալերի Պերմյակովի հետ հնարավոր է մասնակից եղած լինի /լինեն/ նաև այլ անձ կամ անձինք, ուստի՝ նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստուգել նաև հնարավոր այլ անձանց մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը:
Նույն նկատառումներից ելնելով գտնում եմ, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև՝ հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ քննության առարկա դարձնել այն վարկածները, թե՝
-Վ.Պերմյակովն իրո՞ք Ավետիսյանների տուն մտել է՝ ջուր խմելու նպատակով, արդյո՞ք այն պատահական է ընտրվել նրա կողմից և սպանություններն էլ կատարել է՝ չբացահայտվելու վախից ելնելով /ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ Վ.Պերմյակովն այդպես է բացատրել իր արարքը/, թե՞ այն նախապես պլանավորված և նախապատրաստված հանցագործություն էր,
-հնարավո՞ր է արդյոք, որ Վ.Պերմյակովն այդ հանցագործությունը կատարել է վրեժի շարժառիթով, ընտանիքի որևէ անդամի հետ նախկինում ունեցած անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով /չնայած որ տուժողների իրավահաջորդները բացառում են այդ վարկածը, սակայն գտնում եմ, որ քննության բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ստուգման ենթակա է նաև այդ վարկածը/,
-արդյո՞ք այդ հանցագործությունը Վ.Պերմյակովի կողմից ինչ-ինչ նպատակներով չի կատարվել հասարակության շրջանում վախի մթնոլորտ և անկայուն վիճակ ստեղծելու շարժառիթով/նպատակով/»:
Ուստի՝ վերը նշված հանգամանքները պարզելու, բացահայտելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 78-80-րդ և 102-րդ հոդվածներով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը միջնորդում է՝
«1.Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները, մասնավորապես, հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում