Վահան Տերյանի անձի և ստեղծագործության մասին ընթերցողը մինչ օրս պատկերացում է կազմել իրեն հասած գործերից և տերյանագետների կողմից բանաստեղծի՝ իրեն ներկայացրած կերպարից: Պարզվում է, սակայն, որ խորհրդային տարիներին իշխանություններն ու գրականագետներն ընթերցողից համառորեն թաքցրել են, կրճատել բանաստեղծի մի շարք գործեր, Տերյանին ներկայացրել որպես բոլշևիկ պոետ:
Այս է վկայում Վահան Տերյանի 130-ամյակի առիթով Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 9-ին: Հեղինակի՝ Վահան Տերյանի ծոռի խոսքով՝ լույս է տեսել մի գիրք, որը բացահայտում է բոլորովին նոր Տերյանի:
Այնտեղ ամփոփվել է տերյանագիտության անցած ուղին, ներառվել են նամակներ, դրանց կրճատված հատվածներ, որոնք նախկինում չեն տպվել, անտիպ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ և թարգմանություն, տասնյակից ավելի հուշեր և լուսանկարներ: Գրքում կարևոր տեղ ունի հատկապես մի փաստաթուղթ՝ Տերյանի դիմում հայտարարությունը, որը վերաբերում է նրա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերը լքելուն: Դրա շնորհիվ պարզ է դառնում, թե իրականում ինչ հանգամանքներում է բանաստեղծը դիմել այդ քայլին:
Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան