Առողջապահության նախարարությունը համագործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ: ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրերը նախարարին են ներկայացրել գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերը` արդյունքներն ու անելիքները: Մասնավորապես ներկայացվել է երկրի առաջընթացը մոր եւ մանկան առողջության հիմնական ցուցանիշներով` մանկական մահացության նվազում, պատվաստումներում բարձր ընդգրկվածություն, նախածննդյան խնամք, ծննդօգնություն, հղիության արհեստական ընդհատումների նվազում, ընտանիքի պլանավորում: Նշվել են նաեւ այն թիրախները եւ ուղղությունները, որտեղ կան անելիքներ` վերարտադրողականության բարձրացում, տուբերկուլոզի նոր դեպքերի վաղ հայտնաբերում, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, այլընտրանքային ֆինանսավորում, կադրային քաղաքականություն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության ռազմավարությունը, որն իրականացվելու է առաջիկա 5 տարիներին:
Կարեւորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը եւ վերջին տարիներին առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին մասնակցությունը` նախարար Դումանյանը նշել է, որ ընտրված թիրախներն արդիական են: Դերենիկ Դումանյանն ընդգծել է, որ առկա ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները նախ պետք է արդյունավետ կառավարել, ինչը կնպաստի ոլորտի բարելավմանը, կմշակվեն հստակ մեխանիզմներ ոչ պաշտոնական գանձումները վերացնելու, մարզերից Երեւան հիվանդների հոսքը կանոնակարգելու ուղղությամբ: Նախարարն առաջարկել է համատեղ ջանքերն ուղղել բուժօգնության որակի բարձրացմանը, նաեւ գտնել այլընտրանքային ֆինանսական միջոցներ ոլորտի առջեւ դրված մարտահրավերները լավագույնս իրականացնելու համար։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա 5 տարում եւս սերտ համագործակցել` ի շահ հայ ժողովրդի բարօրության:




Լրահոս