Հատկապես ոչ անհայտ Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների` համացանցում հայտնվելուց հետո մեզանում բավական ակտուալ դարձավ համացանցային կամ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի թեման: Մինչ այդ, իհարկե, մեր կարեւորագույն պետական գերատեսչությունների կայքերը մի քանի անգամ հարձակումների էին ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, սակայն այդ հարցում պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ էր, եւ մենք տեղյակ չէինք, թե արդյոք Հայաստանում ունենք համապատասխան հակազդեցության մարմին, որը զբաղվում է այդօրինակ հանցագործությունների բացահայտմամբ ու կանխարգելմամբ: Սակայն հայկական առաջին պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի դեպքից հետո պարզվեց, որ մեր ոստիկանությունում առկա է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որի աշխատանքի արդյունքում, սակայն, մինչ օրս այդպես էլ հարյուր տոկոսով հստակ չէ, թե ի վերջո, ով է այդ տխրահռչակ պոռնոլուսանկարները բեռնել համացանց: Այդ սկանդալից հետո, սակայն, հայ հանրությանը սպասում էր եւս մեկ հայտնություն. պարզվում է՝ պոռնոլուսանկարների փորձաքննությունը մեզանում իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Իհարկե, դեռ լավ է, որ այդ գործառույթը տրված է մշակույթի, եւ ոչ թե, ասենք, կրթության եւ գիտության նախարարությանը: Բայց համաձայնեք, որ բացի զուտ գերատեսչական պատկանելության անհեթեթությունից, լուրջ խնդիր է նաեւ պոռնոգրաֆիան էրոտիկայից տարազանելու հարցը: Պատկերացրեք, այդ ՊՈԱԿ-ի մի քանի տարեց մասնագետներ պետք է իրենց էսթետիկական ընկալումներից ելնելով որոշեն, թե, ասենք, մարմնի որ հատվածի որ ռակուրսն է էրոտիկ, որը` պոռնոգրաֆիկ: Այս, առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր թվացող հարցը իրականում բավականին ակտուալ է: Քանի որ, ինչպես տեսանք, Անժելայի դեպքից հետո եղան նոր դեպքեր, երբ համացանցում բացվեց հայ մարմնավաճառների ծառայություններ առաջարկող առաջին կայքը, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը բերման է ենթարկել մի երիտասարդի` պոռնոգրաֆիական լուսանկարները «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում տեղադրելու համար: Առայժմ երիտասարդը ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն ով գիտե, թե նշված ՊՈԱԿ-ի եզրակացությունից հետո ինչ է սպասվում նրան: Մենք, իհարկե, կտրականապես դատապարտում ենք պոռնոգրաֆիայի տարածումը, խնդիրն այն է, սակայն, թե ով եւ ինչպես է որոշում որեւէ նյութի պոռնոգրաֆիկ լինելը: Նաեւ այն, որ ոստիկանության կիբեռհանցագործությունների բաժինը, փաստորեն, սկզբում մարդուն բերման է ենթարկում օրենքով արգելված պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու կասկածանքով, հետո նոր փորձում պարզել` արդյոք դա պոռնոգրաֆիա է: Ի դեպ, հասարակությունը տեղեկացված չէ, թե որտեղ են պատրաստվել կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հայազգի մարտիկները` արդյոք իրենց տանը` սեփական «Պենտիում 2» համակարգիչների մոտ, թե արտերկրի լուրջ կազմակերպություններում: Դատելով այս հարցում ոստիկանության լռությունից եւ մինչ օրս իրականացված աշխատանքից՝ առավել հավանական է առաջին տարբերակը:
ԱՉՔԱՉԱՓՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ