ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՐԸ «ՓՐԿՎԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը երեկ հերթական անգամ ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել: Սակայն այս ակցիան նախորդի նման ավարտվեց վիճաբանությամբ, երբ կանայք ներխուժեցին կառավարության շենք:
Ցուցարարներից մեկը, որը կանգնած էր ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի կողքին, նրան տվեց Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ առաջարկելով բռնել այն: Լուսանկարի վրա գրված էր հետեւյալ արտահայտությունը. «Կարմիր կովն իր կաշին չի փոխի»: Սակայն Գասպարին հրաժարվեց բռնել այն. «Ո՛չ, ես իր նկարը միայն կարող եմ ոտքիս տակ գցել»: Եւ Գասպարին նկարը գցեց ոտքերի առաջ, բայց չկանգնեց դրա վրա: Սակայն ոստիկանները նկատեցին տեղի ունեցածը, մոտեցան ու նկարը անմիջապես գետնից վերցրին: Ոստիկանների այդ քայլը վրդովեցրեց զինվորների ծնողներին, որոնք եւս Ս. Սարգսյանի՝ իրենց մոտ եղած նկարը գցեցին ոտքերի առաջ: Մայրերի այս տեսակ բողոքը կրկին դուր չեկավ ոստիկաններին: Օրինապահներն այս անգամ արդեն վրդովված մոտեցան ու մեծ արագությամբ վերցրեին նկարը: Գասպարին եւ զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը` տիկին Գոհարը, ոստիկանների այդ քայլից հետո մոտեցան նրանց եւ պահանջեցին չմիջամտել իրենց բողոքի ակցիային: Գասպարին փորձեց խաղաղ կերպով պարզաբանել, թե ինչու են իրավապահ մարմինները միջամտում քաղաքացիական ակցիային: Սակայն ոստիկանները նրա հարցերին չպատասխանեցին:
Այդ ընթացքում նախկին ժամկետային զինծառայող, այժմ կալանավոր Սուրեն Կիրակոսյանի  մայրը` Զվարթ Կիրակոսյանը, բարձրաձայն հայտարարեց, թե ոստիկանները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ նրանք «նկար պատռող են»: Իսկ զոհված զինվոր Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, փորձեց իրավապահ մարմիններին ցույց տալ այն լուսանկարները, որտեղ պատկերված է, թե ինչպես է նախագահականի մոտ կանգնած ոստիկանը խլում իր ձեռքի նկարները: Բայց իրավապահներին դա չհետաքրքրեց, միայն ասացին. «Դուք սուտ եք ասում, նման բան չի եղել: Ոչ ոք ոչ ոքի ձեռքից ոչ մի նկար էլ չի խլել»:
Վարդգես Գասպարին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանների պահվածքն այսպես գնահատեց. «Նրանք այդ քայլով իրենց վերաբերմունքն արտահայտեցին կատարվածի հանդեպ: Այսինքն` մեզ եւս մեկ անգամ ապացուցեցին, թե իրականում իրենք ում կողմն են եւ ում են դեմ»: Իսկ ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում մեծ հպարտությամբ բացատրեց. «Ես գտնում եմ, որ երկրիս նախագահի նկարը  նույն սիմվոլն է, ինչպես որ երկրի գերբը, հիմնը եւ դրոշը: Եւ ես՝ ե՛ւ որպես ոստիկան, ե՛ւ ՀՀ քաղաքացի, թույլ չեմ տա, որ իմ երկրի նախագահի նկարը հայտնվի գետնին: Ես իրենց ակցիան չեմ խանգարել ու չեմ միջամտել, ընդամենը նկարն եմ բարձրացրել, թեկուզ դա միտումնավոր գցված լիներ կամ միամտորեն: Երկու դեպքում էլ ես հակված էի այն գետնից բարձրացնելու: Ու այսուհետ այսպես է լինելու: Իմ երկրի նախագահի նկարը չի հայտնվելու գետնին»:
Իսկ Նանա Մուրադյանը Ս. Սարգսյանին նախագահ չի համարում, քանի որ վերջինս 2012-ի հունվարի 27-ին խոստացել էր վերանայել զոհված զինվորների քրգործերը: «Ես այդպես եմ բողոքում: Ինչո՞ւ է նա իմ բողոքը ընդհատում: Ասում եմ՝ շրջվի, նայի, ինքը չի նայում: Բայց շրջվում ու զգուշացնում է, որ վերեւն Աստված կա: Այո՛, վերեւն Աստված կա ու իրենց պատժելու է»,-մեզ հետ զրույցում իր պարզաբանումը տվեց տիկին Նանան:
Ստացվում է, որ անգամ երկրի ղեկավարի տված խոստումները՝ զինվորների ծնողների՝ արդարադատության պահանջը բավարարելու մասին, գրոշի արժեք չունեն: Դրա համար էլ կանայք անցած անգամ կառավարության շենք էին մտել, այս անգամ էլ Սերժ Սարգսյանի նկարին էին «պատժում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս