Երեկ «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ Հարավարեւմտյան Բ-2 թաղամասի բնակիչներից: Վերջիններս պատմեցին, որ մոտ երկու օր առաջ իրենք գազ չեն ունեցել, իսկ երբ այն «տվել» են, միայն օդ է եղել: Բնակիչները զանգահարել են գազի սպասարկման կենտրոն, որտեղից նրանց ասել են, թե գազի փականները բաց թողեք, մինչեւ օդը դուրս գա: Իսկ երբ վերջիններս դժգոհել են, թե այդ ամենի պատճառով իրենք տուժում են եւ պետք է անիմաստ տեղը գումար վճարեն, գազի սպասարկման կենտրոնի աշխատակիցները պատասխանել են, թե «հա՛մ ուզում եք գազ ունենաք, հա՛մ չվճարեք»: Մեր զրուցակիցները նշեցին, որ իրենք մի քանի ժամ «օդ են բաց թողել»:
«Ժողովուրդ»-ին ահազանգած Երեւանի ՀԱԹ Բ-2 89 շենքի բնակիչներից Արտակ Նավասարդյանը պատմեց, որ մի քանի օր գազ չեն ունեցել, հետո երբ արդեն գազը «տվել» են, նկատել են, որ միայն օդ է, ու զանգել են գազի սպասարկման կենտրոն. «Ասին՝ էդ օդը պիտի պրծնի, նոր գազը գա, ասինք՝ բա էդ օդի պատճառով շոչիկը ֆռում ա, ասին, թե էտի ձեր գործն ա, եթե ուզում եք գազ չունենաք, մի՛ միացրեք»:
«Եթե դուք չեք կարում էդ հասարակ կանոններից օգտվել, ո՞նց եք գազի սպասարկում կոչվում, մարդկանց հա՛մ կյանքի հետ եք խաղում, հա՛մ էլ մենք անմեղ տեղը գումար պիտի տանենք վճարենք էդ օդի համար, էդ մի քանի ժամվա ընթացքում մեր շոչիկներն անընդհատ ֆռում էին»,-վրդովված նշեցին մեր զրուցակիցները:
Փորձեցինք ՀԱԹ-ի գազի սպասարկման կենտրոնից պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Սպասարկման կենտրոնի տեխնիկական գծով պետի տեղակալ Գարիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ուրեմն բացատրեմ, թե խնդիրը որն է. պլանային աշխատանքներ են կատարվել, որի մասին հայտարարվել էր, աշխատանքները կատարել ենք 36 ժամվա ընթացքում: Գազաթողարկումը կատարվել է, խողովակները կտրվում են եւ այլն, եւ այլն, օդ է լցվում, այդ օդը մենք դուրս ենք հանում, իսկ ամեն մի բնակարանը երկու րոպե է տեւել, օդը թողում էին ու գազը վառում: Այդ գումարն ընդամենը կազմում է 25 դրամ ամեն մի բնակարանի համար»:
Գ. Սարգսյանի խոսքերով՝ իրենք շատ պրոֆեսիոնալ են աշխատել, եւ իրենց աշխատանքից ոչ ոք չի տուժել. «Մենք ընդհանուր մագիստրալից օդը հանել ենք, իսկ բնակիչների տուն, որ օդը գնացել ա, ընդամենը իրենց հաշվիչից մինչեւ տուն գնացող հատվածն է եղել, որն ընդամենն այդքան գումար է կազմում: Եթե բնակիչներն անգամ նման ահազանգ են տվել, մենք գնացել ենք ու տեղում ամեն ինչը ստուգել, գազերը միացրել ենք, ու տենց խնդիր չի եղել: Իմ պրակտիկան այս քանի օրը ցույց տվեց, որ բնակիչների խնդիրն այն է, որ իրենք գազը կայծով են միացրել, իսկ սարքավորման կայծը մի քանի րոպեում չէր բռնկվի, դրա համար էլ լուցկիով պետք է միացնեին: Դրա մասին մենք հրահանգավորել էինք»: Սարգսյանը վստահեցրեց, որ բնակիչներն այդ «օդի» համար մեծ գումարներ չեն մուծելու:
ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ՕԴ ԵՆ ԲԱՑ ԹՈՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ