ԷՄՄԻՆ` «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ԵՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս շրջանառության մեջ հայտնված Էմմիի եւ ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանված է «Էրեբունի-Երեւան» երգի հիման վրա (խոսք՝ Պարույր Սեւակի, երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի), առիթ է դարձել դժգոհության, քանի որ տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին չի հիշատակվում: «Կարծես երգի ու երաժշտության հեղինակը հենց Էմմին ու Եսային են: Ծիծաղելի է: Նրանք ամբողջությամբ աղավաղել են երգը»,-նշել են Պ. Սեւակի ընտանիքի անդամները: Նրանց խոսքով՝ Էմմին կամ երգի հետ առնչություն ունեցող որեւէ մեկը չի դիմել ո՛չ Սեւակի, ո՛չ Է. Հովհաննիսյանի ժառանգներին՝ երգը կատարելու թույլտվություն ստանալու համար:
«Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով՝ այս պարագայում խախտվել են Պ. Սեւակի եւ Է. Հովհաննիսյանի անձնական եւ գույքային իրավունքները, ու ժառանգները կարող են դիմել դատարան եւ պահանջել բարոյական վնասի փոխհատուցում:
Էմմին այս առիթով ուղերձ է հղել լրատվամիջոցներին.
«Լինելով արվեստի ընտանիքի ծնունդ՝ շատ լավ գիտակցում եմ եւ հասկանում ընտանիքին թողնված ժառանգությունն ու մտավոր հարստությունը, որի կրողն ինքս եմ այսօր: Լինելով շատ երիտասարդ՝ հասցրել եմ աշխատել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, տարբեր ազգերի ստեղծագործողների աշխատանքները ներկայացրել եմ հանրությանը, որով եւ շատ վաղուց գիտակցել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում հեղինակային իրավունքը: Ստեղծման իսկ օրվանից մշտապես համագործակցել եմ «Հայ հեղինակ»-ի, նաեւ բազմաթիվ երկրներում հեղինակային իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հետ, որի վառ ապացույցը բազմաթիվ միջազգային մրցույթներում մասնակցությունս է` միջազգային եւ հայ (Եկմալյան, Բաբաջանյան, Օրբելյան…) հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ:
Մշտապես իմ կողմից կատարված ստեղծագործությունները գրանցված են եղել «Հայ հեղինակ»-ի կողմից…
Ինչ վերաբերում է «Էրեբունի-Երեւան»-ի կատարմանը, նկարահանմանը եւ ցուցադրմանը, այն Հանրային հեռուստաընկերության մտահղացումն է, այսինքն՝ երգի հետ կապված բոլոր աշխատանքներն իրականացվել են նրանց կողմից: Պարզապես կուզենամ ավելացնել հետեւյալը. բոլորին կխնդրեմ միացնել տեսահոլովակը եւ դիտել սկզբից մինչեւ վերջ, որտեղ երկու անգամ նշվում են ինչպես երգի կատարողների, այնպես էլ հեղինակների անունները: Ինչ վերաբերում է երգը նորովի ներկայացնելուն, սա առաջին դեպքը չէ, եւ կուզենամ հիշատակել Ա. Բաբաջանյանի «Կամուրջներ» ստեղծագործության կատարումը, որի համար ոչ ոք ինձ դատի չտվեց:
Հարգանքով եմ մոտենում մամուլի եւ լրատվական բոլոր միջոցների ներկայացուցիչներին, հարգում եմ նրանց աշխատանքը, հաճույքով միշտ նրանց հետ համագործակցում եմ, բայց պահանջում եմ եւ խնդրում, որպեսզի մամուլի ազատության իրավունքը դրոշակ դարձրած՝ ինֆորմացիա տարածելիս երբեւիցե չար, սխալ եւ թյուր միջոցներով չներկայացնեն հանրությանը եւ չարատավորեն ոչ ոքի աշխատանքը եւ ստեղծագործական կյանքը:

Հարգանքով՝ ԷՄՄԻ»:




Լրահոս