Զոհված զինվորը ծառայության էր անցել եղբոր ուսման ծախսեր հոգալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, ավագ լեյտենանտ 1991թ. ծնված Տիգրան Սիմոնյանը: Նրա դին դեռևս ՀՀ չի տեղափոխվել:

Armlur.am-ի տեղեկություններով` Տիգրանը պայմանագրային զինծառայության էր անցել ուսանող եղբոր ուսման վարձը` 400 հազար դրամը, վճարելու նպատակով: Նշենք, որ Տիգրանի կրտսեր եղբայրը այս պահին ժամկետային զինծառայող է: Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում զոհված զինվորի եղբայրը զորակոչվել է բանակ:

Մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Սիմոնյանն ամուսնացած չէր, ապրում էր սոցիալապես անապահով ընտանիքում: Տան անդամներից աշխատում է միայն նրա մայրը: Նա Վանաձորի թիվ 5 Պոլիկլինիկայում բուժքույր է:

Վանաձորում խոսվում է, թե եղբայրը չէր ցանկանում սովորել, սակայն Տիգրանն արգելել է նրան նման քայլի գնալ` ասելով, թե ինքը ծառայության է անցել միայն եղբոր ուսման վարձերը հոգալու համար:

Հիշեցնենք, որ մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):




Լրահոս