Հայ առաքելական եկեղեցուն պատկանող երեք հաշվեհամար գոյություն ունի: Առաջին հաշվեհամարը բացվել է դեռ Վազգեն Առաջինի կաթողիկոսության շրջանում, որը նրա վախճանից հետո փոխանցվել է Գարեգին Ա կաթողիկոսին, այնուհետև` Գարեգին Բ-ին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
«Վազգեն Վեհափառի շրջանում այդպիսի հաշվեհամար եղել է ու այսօր էլ կա, այն ժամանակվա բանկային օրենքներով չէր կարող եղած գումարը գրանցվել եկեղեցու անունով: Հաշվեհամարը գրանցվել է ուղղակի եկեղեցու գլխի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով: Եղել է երկրորդ անձ, ով երաշխավորն է եղել այն իրականության, որ եթե Վազգեն Ա-ն վախճանվի, հնարավոր լինի փոխանցել հաջորդ կաթողիկոսին: Այդ անձը Շիրակի թեմի նախկին առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանն է, ով Վազգեն Առաջինի մահվանից հետո բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերով իրավահաջորդ է ներկայացրել բանկին Գարեգին Ա-ին: Գարեգին Առաջինի մահվանից հետո էլ փոխանցվել է Գարեգին Երկրորդին»,- հայտնեց Վեհափառի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով, երբևէ այդ անձեռնմխելի գումարը չի կարող օգտագործվել որևէ նպատակով, այլ միայն շահույթը ինչ-որ պարբերականությամբ օգտագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Նա ընդգծեց, որ դա անձնական հաշիվ չէ, պարզապես հաշվեհամարը տնօրինելու իրավունք ունի Հայաստանյանց Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը, այդ դեպքում` Գարեգին Երկրորդը: