«Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր ասել, որ պետք չէ դեպքերից առաջ ընկնել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, եթե մինչ այդ չբացահայտվի «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները:

Խորհրդարանի մյուս ոչ իշխանականներն այս հարցի շուրջ դեռևս իրենց դիրքորոշումը չեն հայտնել, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն էլ սխալ է համարում այս դեպքի պատճառով քառօրյայի աշխատանքների խափանումը: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց նաև իշխող կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Ես նույնպես կողմ եմ նման երևույթի բացահայտմանը: Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչ կապ ունի Ազգային ժողովի քառօրյան այդ ծեծի բացահայտման հետ, քանի որ դրանով զբաղվում են համապատասխան իրավապահ մարմինները: Ինչո՞ւ ենք մենք այդ իրավապահ մարմինների աշխատանքը կապում Ազգային ժողովի հետ: Ինձ համար լրիվ անհասկանալի է նման ձևակերպումը», – ընդգծեց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ մյուս ոչ իշխանական ուժերը դեռևս չեն արտահայտել իրենց կարծիքը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե չի կարող ասել` մյուսները կմիանան, թե` ոչ, սակայն ընդգծեց, որ այս պահին մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ կան կուտակված, և անիմաստ է բոյկոտել նիստերը:

Սուքիաս Ավետիսյանը նաև նշեց, թե պետք չէ, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միմյանց քննադատեն ու քաղաքականացնեն միջադեպը: «Եթե ունեն հնարավորություն, դրա փոխարեն թող օգնեն իրավապահ մարմիններին դեպքերը բացահայտել: Դեռ չբացահայտված՝ իմաստը ո՞րն է մեղադրել իշխող կուսակցությանը», – հայտարարեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Հովիկ Աբրահամյանի` հայտարարություն տարածելու խնդիրն այն է, որ դեպքի մասին մանրամասներ չեղած` արդեն սկսում են մեղադրել քաղաքական իշխանությանը, դա անընդունելի է», – նշեց նա՝ հավելելով, թե Հովիկ Աբրահամյանն այս կերպ միայն ցանկանում էր ասել, թե պետք չէ դեպքերից առաջ ընկնել:




Լրահոս