ՔԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԿՈՐՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ 14 ՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախության տարիներին բնակչության արտագաղթը գրեթե չի դադարել: Իսկ հատկապես վերջին տարիներին արտագաղթի տեմպերը կտրուկ ահագնացել են: Բայց միեւնույն է, բոլորս մեր սրտի խորքում հույս ենք փայփայում, որ եթե մի օր մեզ հաջողվի Հայաստանը դարձնել ժողովրդավարական եւ օրենքի երկիր, ապա մեր հայրենակիցների գոնե մի մասն անպայման կվերադառնա իր հայրենիք: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մեր հայրենակիցներին մենք դժվար թե երբեւէ այլեւս կարողանանք վերադարձնել Հայաստան: Պաշտոնական վիճակագրությունում ՀՀ քաղաքացիների ամփոփ թիվը հաշվառվում եւ ներկայացվում է «մշտական բնակչություն» ձեւակերպմամբ: Լուսանկարում ներկայացված գրաֆիկում Հայաստանի մշտական բնակչության թիվն է 2001, 2011, 2012, 2013, 2014 եւ 2015 թվականներին (2015-ը տարվա սկզբի դրությամբ): Հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը «կորցրել» է 453 հազար քաղաքացի:

 

 

 
Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, բայց միջազգային ասպարեզում այս երկրի դերն ու դիրքը հնարավոր չէ թերագնահատել: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչից «Ժողովուրդ»-ը երեկ հարցրել է, թե արդյոք միջազգային հանրության անգործությունը չէ պատճառը, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում: «Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում, եւ դա երկու երկների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ կայանան: Այնպես որ իրենք իրենց ջանքերը գործադրում են, որպեսզի այս հարցը առաջ տարվի»,- ասել է դեսպանը՝ դիվանագիտական լեզվով հորդորելով հույս չունենալ, որ խաղաղությունը կլինի երրորդ կողմի պարտադրանքով:

 

 

 
Այս տարվա օգոստոսից Հայաստանը Եվրոպական մարդու իրավունքների դատարանում դատավոր չունի: Ենթադրվում էր, որ նոր դատավորի ընտրությունը պետք է տեղի ունենար ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում: Սակայն ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակի հետ խնդիր առաջացավ, եւ ընտրությունը չեղյալ ճանաչվեց: Արդյունքում մինչեւ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր չի լինելու: Ուստի Հայաստանից ստացված դիմումները քննելու հարցն այլեւս ԵԴ-ում կարող է լուրջ խնդիր դառնալ: Բանն այն է, որ որեւէ երկրից ստացված դիմումի քննությունը տեղի է ունենում միայն համապատասխան երկիրը ներկայացնող դատավորի մասնակցությամբ: Երեկ իշխանական կայքերից մեկը լուր տարածեց, թե ԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը նշանակվել ՀՀ ՍԴ անդամ, կվերադառնա իր նախկին աշխատանքին: Բայց եթե նման բան տեղի ունենա, ապա հերթական անգամ կոպտորեն կխախտվի ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՍԴ դատավորն իրավունք չունի միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնելու:

 

 

 

 
Էջմիածինցիները, պարզվում է, տեւական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից. սենյակը փակ է: Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երեւանի հիվանդանոցներից որեւէ մեկը: Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը: «էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր հիվանդանոցի պաշտոնական կայքէջում տեղադրելու ենք հայտարարություն: Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով»,- պարզաբանեց Էջմիածնի հիվանդանոցի փոխտնօրենը: Հետաքրքիր է՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղյա՞կ է, որ նման խնդիր կա մեր սուրբ քաղաքում, թե՞ միայն իր անձնական գովազդով է տարված:

 

 

 

 

 
ԻՅԱ, ԻՐՈ՞Ք

ՀՀԿ վերնախավը, արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, կարծես թե հակադարձելու այլ բան չի գտել եւ որոշել է կառչել ԲՀԿ առաջնորդի ելույթից: Այդ գործի համար ՀՀԿ-ն անգամ որոշել է գործի դնել իր «ծանր հրետանուն»` Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, որն էլ շտապել է Ծառուկյանի ելույթը գնահատել որպես «շատ բառերով բեռնած, դժվար ընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»,- եզրափակել է Գրիգորիչը:
Անկեղծ ասած` Գ. Ծառուկյանի ելույթն, իրոք, առանձնապես նոր ասելիք չէր պարունակում, սակայն դրա` «ավելորդ բառակույտով» հագեցած լինելու շուրջ քննադատությունը Գ. Սահակյանի կողմից ոչ թե զվարճալի է, այլ շատ, անչափ զվարճալի է: Մի մարդ, որի արտաբերած յուրաքանչյուր նախադասություն անիմաստ բառակույտերի շարան է, որի բանավոր խոսքն ուղղակի անհնար է վերծանել, եւ որի գրեթե յուրաքանչյուր հարցազրույցի ամեն երրորդ պարբերությունը հակասում է առաջինին, որոշել է իր «հեղինակավոր» գնահատականը հնչեցնել Ծառուկյանի ելույթի մասին:
Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա ՀՀԿ-ականների այս դրսեւորումը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան սնապարծ են նրանք եւ իրականությունից որքան կտրված` սեփական հնարավորությունները գնահատելիս: Հակառակ դեպքում` Ծառուկյանի գրավոր խոսքը քննադատելու «առաքելությունը» չէին վստահի մեկին, ում մամուլի խոսնակը հորդորել է այլեւս հանդես գալ բացառապես գրավոր խոսքով` անընդհատ խայտառակ չլինելու համար:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի ելույթներին, ապա դրանք, ինչ խոսք, վատն են, քանի որ ամենից առաջ` համահունչ չեն Ծառուկյանի էությանը, որն, ի դեպ, առավել շահեկան է դրսեւորվում նրա բանավոր`թեկուզ ոչ շատ խորքային, սակայն առավել անկեղծ խոսքում: Այս իմաստով շատ ավելի վատն են Սերժ Սարգսյանի ելույթները, որոնք գուցե առավել ճարտար են շարադրված, սակայն նույնքան հեռու են նրա հոգեկերտվածքից: Բայց ի տարբերություն Ծառուկյանի, Սարգսյանի բանավոր անկեղծությունը միայն ի վնաս նրան է: «Խիյարի», որ ին՞չ անելու, ինչքան ուզես` խփելու մասին նրա զեղումները, սակայն, ավելի շատ են տպավորվում, քան նրա պաճուճազարդ գրավոր ելույթները: Այնպես որ, պարոնա՛յք ՀՀԿ-ականներ, սեփական աչքի գերանը թողած, ուրիշի փուշն եք ցույց տալիս, որ ի՞նչ անեք:




Լրահոս