ԴԵՍՊԱՆԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: «Անցած գիշեր եւս մեկ զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որն Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը թուլացնել եւ հակամարտությանը տալ խաղաղ կարգավորում` բանակցությունների սեղանի շուրջ գտնելով խաղաղ լուծում»,- ասաց դեսպանը:

-Հարգելի՛ տիկին Լիչ, 2015թ. սկզբից լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի կերպ չի հանդարտվում, իսկ միջազգային կառույցները, այդ թվում՝ Մինսկի խումբը, բացի հորդորներից, խոսքերից՝ որեւէ քայլ չեն կատարում: Արդյո՞ք նրանց անգործության հետեւանք չէ նաեւ, որ ունենք այս պատկերը:
-Կրկնում եմ՝ Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում, դա երկու երկների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկրները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ կայանան: Այնպես որ իրենք իրենց ջանքերը գործադրում են, որպեսզի այս հարցն առաջ տարվի:
-Ակնհայտ է, որ ագրեսորն Ադրբեջանն է. զորավարժությունների ժամանակ ուղղաթիռ են պայթեցնում, կրակում են խաղաղ բնակիչներին, անգամ ավանակին սպանեցին: Երեկ էլ Ներքին Կարմիրաղբյուրի բնակչի տան ուղղությամբ են կրակել եւ մահացու վիրավորել գյուղացուն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն ագրեսիվացել:
-Այս հարցը ինձ չպետք է ուղղեք: Ես ինչպես կարող եմ ասել, թե ինչու է Ադրբեջանն այդպես վարվում: Չեմ կարող ասել:
-Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորականի կողմից քնած ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո առավել ակտիվացան Հայաստանում եւ Ռուսաստանում խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է ռազմաբազան հեռացնել: Եթե այդպես լինի, եւ Հայաստանը դիմի ՆԱՏՕ-ին՝ ռուսական ռազմաբազայի փոխարեն նրա խաղաղապահ ուժերը Հայաստանում տեղակայելու համար, կաջակցի՞ արդյոք ՆԱՏՕ-ն:
-Իրականում չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Նաեւ թույլ տվեք ասել, որ իմ խորին ցավակցություններն եմ հայտնում ընտանիքի անդամներին, բարեկամներին հարազատներին: Պետք է նշեմ՝ նաեւ չեմ կարծում, որ այս փոքրիկ միջադեպը կկարողանա ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ձեւեր կգտնեն այս հարցը կարգավորելու եւ համատեղ աշխատելու համար:
-Քաղաքական դաշտում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները ցանկանում է իրականացնել, քանի որ եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչներին այդ առնչությամբ խոստումներ է տվել: Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ին հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին, այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց ՍԴ բարեփոխումների հայեցակարգը սկսվեց մշակվել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հայաստանի նման երիտասարդ երկրի համար շատ նորմալ է, որ Սահմանադրությունը ժամանակ առ ժամանակ փոփոխության է ենթարկվում: Ուստի չեմ կարծում, որ ճիշտ է Ձեր կամ վերլուծաբանների եզրահանգումը, թե դա արվում է Եվրոպային ինչ-որ բան ցույց տալու համար:

 

 

 
ԿՆՈՋ ՍՊԱՆՈՂԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ ՏԵՍԵ՞Լ Է

Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում, Բաղրամյան փողոցի 13 տանը դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ժամը 22:45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: Արդյունքում՝ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է:
«Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, եւ այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»:
Գյուղապետի խոսքով՝ տանից գողություն չեն կատարել, եթե դա է եղել այս դաժան սպանության պատճառը.«Հիմա բոլորն աշխատում են, հանցագործը հայտնաբերված չէ»:
Ըստ Փարաքարում շրջանառվող լուրերի՝ սպանվածի ընտանիքն ապահովված ընտանիք է: Սպանվածն ու նրա ամուսինը շատ փարաքարցիների պարտքով ապրանք են տվել իրենց խանութից: Տեղեկացանք, որ երկու օր է, ինչ ողջ գյուղի բնակիչներին եւ հատկապես Անահիտ Զաքեւոսյանի հարեւաններին տանում են հարցաքննության: Ավելին՝ ըստ հարեւանների շրջանում տարածված լուրերի՝ սպանված Անահիտի ամուսինը տեսել է իր կնոջը սպանողին, սակայն, ըստ երեւույթին, չի հասցրել բռնել մարդասպանին: Չի բացառվում, որ սպանված Անահիտի ամուսնու՝ դեպքի պահին պատահական տուն մտնելը տապալել է մարդասպանի կամ մարդասպանների գործն ավարտին հասցնելը, այսինքն՝ կնոջը սպանելուց հետո տունը թալանելը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, Անահիտի սկեսուրը, իմանալով հարսի դաժան սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երեկ Նոր Նորքի 9-րդ զանգվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ 52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետեւանքով կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, եւ քենու 4-ամյա թոռը` Էլեն Դալլաքյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում տուժած երեխայի պապիկը հայտնեց, որ Անահիտ Խաչատրյանն իր թոռան դայակն է, եւ դեպքից առաջ տանը միայն տուժածներն են եղել: Ավելի ուշ տուն է գնացել Անահիտի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, եւ հյուրասենյակում պայթեցրել նռնակը: «Հարեւանների հետ խոսեցի. ասում են՝ աղմուկ, վիճաբանության ձայներ են լսել, բայց հիվանդանոց տեղափոխելիս էրեխու ձայնը չի լսվել: Բժիշկներն ասում են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակները ծանր է: Ո՞վ իմանա՝ ինչու այսպիսի բան պատահեց: Նախկինում սիրով են եղել, երկու տղա ունեն՝ բանակ գնացած-եկած: Փորձանք էր, էլի»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ հարեւանները մեզ հետ զրույցում նշեցին, որ Անահիտի ամուսինը մշտապես եկել է այդ բնակարան, կնոջը տուն է տարել, բայց վիճաբանություններ չեն եղել: Հարեւանները Մելիք Գալստյանին երբեւէ ալկոհոլի ազդեցության տակ չեն տեսել. նա մշտապես սթափ է եղել: Նրանք նշեցին, որ իրենց տեղեկություններ են հասել, թե դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների հետեւանքով եւ խանդի հողի վրա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը հայտնեց, որ կնոջը տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք՝ հետազոտելու՝ որ հատվածում են նռնակի բեկորները, եւ ինչպես դրանք հեռացնել:
Իսկ երեխան ավելի ուշ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վիրահատել են նրա ոտքերը: Տնօրեն Աննա Չոբանյանի փոխանցմամբ՝ փոքրիկի վիճակը ծանր է: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ առերեւույթ հանցանք կատարած անձը ձերբակալվել է փախուստի դիմելու պահին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՍԱԿԱՎԱՄԻՏ ՉԷ
Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մինչեւ զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով: «Իհարկե, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Նա առողջ էր, եւ նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:




Լրահոս