ՀՀ գրեթե բոլոր կառավարությունների ղեկավարները մշտապես խոստացել են անել ամեն ինչ` փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու եւ մեր երկրում միջին խավ ձեւավորելու համար: Անցած քսան տարիներին բազմաթիվ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ են մշակվել, որոնց արդյունավետությունը, սակայն, եղել է զրոյական: Իսկ վերջին տարիներին փոքր ու միջին բիզնեսը պարզապես մի կերպ է գոյատեւում, եւ այսօր անգամ հարաբերականորեն բարեկեցիկ մայրաքաղաքի խանութները մեկը մյուսի հետեւից փակվում են:
Վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ հրապարակեց այն մասին, որ 2014թ-ի հունվար-դեկտեմբերին մեր հանրապետությունում գործել է 12 հազար 786 խանութ, ինչը 2013 թվականի համեմատ ավել է 134-ով: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2014թ-ին ավելացել են խոշոր եւ գերփոքր ու միջին համարվող խանութները: 2014 թվականին 2013-ի համեմատ խոշոր խանութները 8-ով ավելացել են. դրանք կազմում են 163: Գերփոքր խանութներն ավելացել են 157-ով եւ դարձել են 11 հազար 754, իսկ միջին խանութներն ավելացել են 10-ով՝ դառնալով 168: Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն նույնպես արձանագրել է, որ փոքր համարվող խանութների թիվը պակասել է: Եթե Հայաստանում 2013թ-ին գործել է 744 փոքր խանութ, ապա 2014թ-ին դրանք 43-ով պակասել են: Փաստորեն տնտեսական անմխիթար իրականությունն այնքան ակնհայտ է դարձել, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում կեղծել կամ թաքցնել այն:
Մեզանից յուրաքանչյուրն էլ այսօր շատ է հանդիպում փակվող, վարձով տրվող կամ լիկվիդացիոն գներ առաջարկող խանութների: «Ժողովուրդ»-ի ֆոտոշարքն ասվածի լավագույն ապացույցն է: Այս լուսանկարներն արվել են Երեւանի ամենակարճ՝ Կասյան փողոցում՝ քաղաքի բանուկ հատվածում, որը թեժ խաչմերուկային հանգույց է համարվում: Այս հատվածը համեմատաբար բարվոք սոցիալական պայմաններ ունեցող բնակիչներով առանձնացող թաղամաս է համարվում: Բայց արի ու տես, որ անգամ այս փողոցի խանութներում՝ սկսած մթերքից, ավարտած հագուստով, ոչինչ չի վաճառվում: Խանութների սեփականատերերը, ովքեր մեծ դժվարությամբ են ձեռք բերել տարածքները, աշխատացրել դրանք, այսօր մեծ դառնությամբ ստիպված են տարածքը վաճառելու կամ վարձով տալու ցուցանակներ կախել:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ԿԵՂՏՈՏ» ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԵՍ ՄԼՆ ԴՐԱՄ Է
Մեր հանրապետությունում սոցիալական լարվածությունը պակասելու փոխարեն ավելանում է: Սրան հակառակ հայաստանցի պաշտոնյաների բարձր աշխատավարձերը շարունակում են պահպանվել: Թեեւ հիմնականում բարձր աշխատավարձ ստանում են այն պաշտոնյաները, ովքեր ունեւոր են եւ այդքան էլ դրա կարիքը չունեն:
Երբ մենք ուսումնասիրեցինք, թե Հայաստանի քաղաքապետերից ով որքան աշխատավարձ է ստանում՝ իր արած աշխատանքի դիմաց, աչք ծակեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի աշխատավարձը: Պարզվում է՝ նա 500 հազար դրամ է ստանում ամսական: Եւ սա առիթ դարձավ, որպեսզի կապ հաստատենք քաղաքապետի հետ: Ինչպես հայտնի է՝ Դանիելյանն ապահովված մարդ է, եւ նշված աշխատավարձի չափն այնքան էլ պատճառաբանված չէ, քանի որ Հրազդանն այն քաղաքներից է, որը հնում արդյունաբերական էր, իսկ հիմա բացարձակ աղքատության մատնված բնակավայր է համարվում: Նկատենք, որ Հրազդանի քաղաքապետի աշխատավարձն ամենաբարձրն է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձից հետո: Վերջինիս աշխատավարձը կազմում է 576 հազար դրամ:
Ինչեւէ: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, լսելով իր աշխատավարձին վերաբերող հարցը, միանգամից արդարացավ՝ նշելով, որ 500 հազար դրամը դա իր «կեղտոտ» աշխատավարձն է: Բացատրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին համայնքի ավագանու որոշմամբ քաղաքի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում քաղաքապետի աշխատավարձը բարձրացրել են: «Քաղաքապետի մաքուր աշխատավարձը կազմում է 360 հազար դրամ: Օրենքի մեջ հստակ տրված է, որ համայնքի ղեկավարի պաշտոնյային դրույքաչափը սահմանվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնյային դրույքաչափի նկատմամբ հավասարապես բաժանված տոկոսաչափերով: Այսինքն՝ 20-75 հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար նախատեսված է օրենքով սահմանված ԱԺ պատգամավորի աշխատավարձի 81.4 տոկոսը: Օրենքով սահմանված կարգը պահպանված է: ԱԺ պատգամավորի աշխատավարձը կազմում է 660 հազար դրամ, հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է ստանալ 330 հազար դրամ, 57-60 հազար բնակիչ ունեցող քաղաքի ղեկավարը՝ 355 հազար դրամ: Օրենքի խախտում չկա»,-պարզաբանեց քաղաքապետը:
Այնուամենայնիվ, արձանագրենք, որ 360 հազար դրամ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է նույն՝ Հրազդանի արդյունաբերության մեջ ողջ կյանքում աշխատած, բայց այսօր արդեն թոշակ ստացողի կենսաթոշակից, մանկավարժի, բանվորի աշխատավարձից:
Ի դեպ, բոլորովին վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը զավեշտալի թվեր ներկայացրեց այն մասին, որ Հայաստանում միջին աշխատավարձը գերազանցում է 170 հազար դրամը: Սա թերեւս շարքային քաղաքացու համար բարձր աշխատավարձի շեմն է, քանի որ մի քանի հարյուր հազար դրամ կամ մի քանի մլն դրամ աշխատավարձերի միջինացման արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը 170 հազար դրամ է, բայց իրականում դրա կեսն է:
Նյութերը ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԴԱՍԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ փետրվարի լույս 6-ի գիշերը ադրբեջանական գնդակոծության հետեւանքով վնասվել է գյուղի 2 առանձնատան տանիք, նաեւ` Բաղանիս համայնքը սնուցող բնական գազի խողովակը: Այն դեռեւս միացված չէ մայր գազատարին, ուստի հրդեհ չէր կարող առաջանալ:
Գյուղապետն ասաց, որ չնայած ադրբեջանական գնդակոծության իրական վտանգին (գյուղի միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի -Այրում գյուղի հենակետերին դեմ-հանդիման)` փետրվարի 6-ին Բաղանիսի դպրոցում դասեր են կայացել: Իսկ Բաղանիսի մանկապարտեզում մինչեւ փետրվարի 15-ը արձակուրդ է: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ ասաց, որ անցած գիշեր ադրբեջանական գնդակոծության պատճառով իրենց գյուղը ողջ գիշեր չի քնել:
Ազերիների գնդակոծությունից վիրավորված, Ներքին Կարմիրաղբյուրի 61-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը մահացել է Բերդի հիվանդանոց տանող ճանապարհին: Մ. Կամենդատյանն ասաց, որ ազերիների գնդակոծությունն ուժգին էր հատկապես ժամը 1-ի սահմաններում, գնդակոծությունից գյուղում նյութական վնասը մեծ է: Մ. Կամենդատյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով փետրվարի 6-ին գյուղի դպրոցում եւ մանկապարտեզում ուսումնական պարապմունքներ չեն կայացել: Իսկ Բերդի տարածաշրջանի Այգեպարի դպրոցի տնօրեն Արեւիկ Արզումանյանից տեղեկացանք, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19.30-ից մինչեւ 24-ը, ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից գնդակոծել է Այգեպարը, վնասվել է մի քանի տուն:
Փետրվարի 6-ին Այգեպարի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել ադրբեջանական գնդակոծության վտանգի եւ Ն. Կարմիրաղբյուրում գազատարի վնասման պատճառով: Դպրոցի շենքն առանց ջեռուցման է մնացել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթիի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանն էլ «ժողովուրդ»-ին ասաց, որ փետրվարի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից կրակ է բացել Կոթիի ուղղությամբ: Ականանետով հարված է հասցվել գյուղի տներից մեկին: Մեծ բարեբախտություն է, որ զոհեր չեն եղել, քանի որ այդ սենյակում հավաքված էր այդ ընտանիքի ամբողջ կազմը: Ադրբեջանական վտանգի պատճառով փետրվարի 6-ին Կոթիում եւս դասեր չեն կայացել:
Տավուշի սահմանագոտում տիրող անկայուն իրավիճակը մտահոգում է դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին, քանի որ գնդակոծությունների հետեւանքով սահմանամերձ դպրոցներում խանգարվում է ուսումնական բնականոն գործընթացը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ