Համացանցի և տեղեկատվական ահռելի հոսքերի ներկայիս դարում տարբեր առիթներով հաճախ ենք լսում աշխարհի այս կամ այն անկյունում տեղի ունեցած հրաշքների ու հրաշագործությունների մասին: Nyut.am-ը ներկայացրել է դրանցից մեկը:
«Ես այն ժամանակ փոքր եմ եղել, հորս պատմածն եմ ներկայացնում,- ասաց Nyut.am-ի զրուցակիցը` «Մխիթարիչ» ՀԿ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:- Քանի որ Վարդենիսում եղած փոքր, խոնարհ եկեղեցին ավերակ վիճակում է եղել, տեղացիները 20-րդ դարասկզբին որոշել են նոր եկեղեցի կառուցել: Այն ժամանակ Վարդենիսում շատ թուրքեր են եղել, նրանց առաջնորդը` Սամանդ աղան, իր պատշգամբում նստած, տեսել է, թե ինչպես են հայերը սայլերով քար տեղափոխում` Վարդենիսի այժմ գործող եկեղեցին կառուցելու համար: Լեռներից գալու ժամանակ եզներից մեկը ոլորապտույտ ճանապարհից դուրս է եկել և 5-10 մետր բարձրությունից ընկել ներքև: Սակայն ո՛չ եզներն են սատկել, ո՛չ սայլն է շրջվել, ոչ էլ քարերն են թափվել: Սա տեսնելով` թուրքերի առաջնորդն իր կողմից մի քանի սայլ քար է բերել, նվիրել հայերին»:
Այդ եկեղեցու հետ կապված հրաշքները, սակայն, սրանով չեն ավարտվում: Տեղի բնակիչներից մեկը, որը մյուսների նման մեջքին կապած քարը վեր բարձրացնելիս է եղել` վարպետներին փոխանցելու համար, մեր զրուցակցի տեղեկացմամբ, բավական մեծ բարձրությունից վայր է ընկել, բայց հրաշքով ոչ միայն չի մահացել, այլև լուրջ վնասվածք չի ստացել, ընկնելուց հետո նույնիսկ վեր է կացել ու քարը բարձրացրել վերև:
«Կոլեկտիվացման տարիներին կոմունիստներն այդ եկեղեցին վերածել են կոլտնտեսության պահեստի,- պատմեց Խաչիկ Ստամբոլցյանը:- 1935 թվականին, երբ մահացել է Վարդենիսի բնակիչներից Թովմաս սարկավագը, այդտեղ կարգված ժողովրդական կոմիսարից տեղացիները խնդրել են թույլ տալ նրա մարմինը հուղարկավորությունից առաջ դնել եկեղեցում: Քանի որ Թովմասի գերդաստանը Վարդենիսում բավականին հայտնի է եղել և հեղինակություն վայելել, նարկոմը, որ կաշվե բաճկոնով, ակնոցով, կարդացած մեկն է եղել, թույլատրել է: Այդ մարդը գիշերը բնական պետքերը հոգալու համար տնից դուրս գալով, հանկարծ տեսել է, որ եկեղեցին այրվում է:
Մտածելով, որ Թովմասի հարազատները դրանից ժամեր առաջ վառվող մոմերը մինչ տուն գնալը չեն հանգցրել, կարծել է, թե այդ պատճառով է այրվում կոլտնտեսության պահեստը: Գոռացել, իմաց է տվել շրջապատի բնակչությանը: Մեծ աղմուկ է բարձրացել: Մարդիկ, դույլերն առած, վազել են, որ հրդեհը հանգցնեն: Սակայն տեղում զարմանքից ապշել են` տեսնելով, որ եկեղեցին ոչ թե հրդեհվում է, այլ նրա պատերի վրայով բոցե լեզվակներ են բարձրանում: Երբ ձեռքերը մոտեցրել են այդ բոցերին ու նույնիսկ եկեղեցու պատերին դրել, ջերմություն չի եղել, ձեռքերը չեն այրվել: Մարտունուց, Վարդենիսի գյուղերից և այլ վայրերից ժողովուրդը հավաքվել, հուզմունքից արտասվել ու ծնկաչոք աղոթել է, որ հրաշք է տեղի ունեցել, Աստված այցելություն է կատարել: Սակայն կարճ ժամանակ անց եկեղեցու մոտ պահակներ են դրել ու մարդկանց արգելել մոտենալ: Երբ իրավակարգի այն ժամանակվա պահապանները Մարտունուց եկել, գանահարել, ծեծել են մարդկանց, պահանջել հեռանալ եկեղեցուց, մեկն ասել է` ինչո՞ւ եք մեզ ծեծում, ձեր նարկոմն է տեսել: Իմանալով այս մասին` կուսակցական ղեկավարները նրան կանչել են Մարտունի, և երբ կոմիսարը նույնությամբ պատմել է իր տեսածը, ինչ-որ մեկն ուժգին հարվածով նրան տապալել է գետնին, հետո անշարժացած մարմինը ձիու վրա գցել, տարել են, և վարդենիսցիները դրանից հետո այդ մարդու մասին այլևս չեն լսել»: