Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել Հովհաննես Թոքմաջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին, որում, մասնավորապես, նշվում է, որ ս/թ փետրվարի 9-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի` հիմնադրամում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 21-ին «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» առարկայից նշանակված և անցկացված քննությունն իրականացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով, մասնավորապես, վերոնշյալ առարկայից նշանակված և անցկացված քննության հարցաշարը սովորողներին նախապես չի տրամադրվել, ավելին` մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնում /որի կողմից կազմակերպվել է քննությունը/ հաստատված հարցաշար առկա չի եղել, քննական տոմսերը հաստատված չեն եղել համապատասխան անձանց /կառույցի/ կողմից, քննական տոմսում նշված չի եղել, թե որ մասնագիտության և կրթական ծրագիրը յուրացնող սովորողի համար է այն նախատեսված, ամբիոնում բացակայել է դասախոսի օրացուցային պլանը, համաձայն որի` պետք է իրականացվեին ուսանողի քննական նյութի շրջանակում դասախոսություններ, ամբիոնում բացակայել է նաև “Հավանականությունների տեսություն և վիճակագրություն” դասընթացի առարկայական ծրագիրը:

Ելնելով վերոգրյալից` առաջարկվել է չեղյալ համարել ս/թ հունվարի 21-ի “Հավանականությունների տեսություն և վիճակագրություն” առարկայի քննությունը, ողջամիտ ժամկետում իրականացնել վերը նշված թերությունների վերացում, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաև հնարավորություն ընձեռել սովորողներին /ասպիրանտներին/ ցանկության դեպքում կրկին մասնակցելու անցկացվող քննությանը` գնահատականի պահպանմամբ:




Լրահոս