Կոտայքի մարզ է այցելել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել են Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել հաստատության նոր կառուցված մասնաշենքի կահավորման և աշխատանքների մեկնարկային փուլի մանրամասներին, զրուցել պատասխանատուների հետ:
Կոտայքի մարզպետն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը տեղում քննարկել են նաև Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը նորակառույց շենքում արդյունավետ կերպով կազմակերպելուն, ինչպես նաև Եղվարդ համայնքի ու տարածաշրջանի պատանիների մարզական դաստիարակությանը նպաստելուն վերաբերող հարցեր:
Այցելության հաջորդ կանգառը եղել է Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղի պատասխանատուները ներկայացրել են մարզական հաստատության գործունեության հիմնական մոտեցումները: Բյուրեաղավանում քննարկվել են մարզադպրոցի աշխատանքների հետագա բարելավմանը վերաբերող հարցեր:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանն ու Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը եղել են նաև Աբովյանի շախմատի մարզադպրոցում, ծանոթացել սաների շախմատային առօրյայի կազմակերպման ուղղություններին, զրուցել մարզադպրոցի ղեկավարության հետ` նախանշելով մարզաձևի շարունակական զարգացմանն ու դասավանդման կատարելգործմանը միտված մի շարք ծրագրային մոտեցումներ:
Աբովյան քաղաքում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ծանոթացել է նաև Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի գործունեությանը:
Չարենցավան քաղաքում Կոտայքի մարզպետն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը քննարկել են մանկապատանեկան մարզադպրոցի շենքի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր, այնուհետև այցելել են քաղաքային մարզադաշտ:
Այցելության վերջին կանգառը եղել է մարզկենտրոն Հրազդանը: Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը ծանոթացել են Հրազդանի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատանքային առօրյային, այնուհետև այցելել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոց: Մարզկենտրոնի սպորտային հաստատությունների ղեկավարների հետ ևս քննարկվել են ոլորտի զարգացման մի շարք ծրագրային գերակայություններ:
Նախարարի այցելությունն ամփոփվել է Կոտայքի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում: Կոտայքի մարզպետն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը մարզպետարանում հանդիպում են ունեցել մարզի սպորտի բնագավառի պատասխանատուների, ինչպես նաև մարզիչների ու մարզիկների հետ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սպորտի շարունակական զարգացմանը, մարզական առօրյայում նորովի աշխուժության ապահովմանը, ինչպես նաև սպորտային հիմնարկների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված հարցեր:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը վերահաստատել է մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին լինելու իր պատրաստակամությունը և վստահեցրել, որ այսուհետ ևս նպաստելու է մարզի սպորտային ոլորտում դրական զարգացումների ապահովմանը:
Հանդիպման ավարտին մի շարք անվանի մարզիկների ու մարզիչների շնորհվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր: