ԲՀԿ-ն այսօր ուղիղ արտահայտում է ժողովրդի բացարձակ մեծամասնության շահը: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովի քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, որով իշխանություններին հետաքրքիր մեսսիջներ էր հղել և զգուշարել նաև վտանգների մասին: «Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է», – ասված է հաղորդագրությունում:
Գուրգեն Եղիազարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներն իրականում չարիք են և հնարավորություն են տալու գործող իշխանությանը կրկին վերարտադրվել: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն չի կարող դա թույլ տալ, քանի որ իրենք հենց վերարտադրությունն են համարում գլխավոր վտանգը:
«Աստված չանի, եթե իշխանափոխություն լինի հերթական ընտրությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ պետք է գարնան սկզբին դա լինի, քանի որ մենք պետականություն կորցնելու վտանգի առջև ենք կանգնած», – ընդգծեց նա:
Գ. Եղիազարյանի խոսքով՝ իշխանափոխության գործընթացին պետք է մասնակից լինեն երկրի ապագայով հետաքրքրված բոլոր մարդիկ: «Այսօր ընդդիմությունը խորհրդանշում են երեք ուժեր,՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն»: Ես հակված չեմ, որ երեք ուժերն էլ կմնան: Լավ կլինի որ մնան, բայց մտածում եմ, որ վերջում կմնա երկու ուժ, և նորերը կմիանան: Մեզ շտապ իշխանափոխություն է հարկավոր: Այս էքսպերիմենտին պետք է վերջ տալ, չի կարելի 6 տարի շարունակ ժողովրդի գլխին էքսպերիմենտ կոտրել, չի կարելի խարդախին դեսպան ուղարկել», – հայտարարեց մեր զրուցակիցը:
Լուսանկարը՝ PanarmenianPhoto