Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խումբը «նորմանդյան ձևաչափի» անդամ երկրների կողմից մշակված փաստաթուղթ է ստացել. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:
«Փաստաթուղթը փոխանցվել է կոնտակտային խմբի դիտարկմանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հավելենք, որ «նորմանդյան քառյակի» առաջնորդները Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ, մոտ 13 ժամ է, բանակցություններ են վարում:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները հանդիպումը սկսել են նախօրեին՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ նեղ կազմով: Երկու ժամ անց նրանք դուրս են եկել նկարվելու, իսկ այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Եվս որոշ ժամանակ անց պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են նեղ շրջանակով: