Սուրիկ Խաչատրյանն անտեսե՞ց հովանավորյալին նեղության պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակվեց Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ: Առաջադրված մեղադրանքներում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, և դատական քննությունն անց է կացվել արագացված կարգով:

Վճռի համաձայն` Նելսոն Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (առաջին դրվագով)  նշանակվել է տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000  ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, այդ դրվագով կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009 թվականի որոշումը, և ամբաստանյալն ազատվել է պատիժը կրելուց:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով)՝  ամբաստանյալը դատապարտվել է  300.000  ՀՀ դրամ տուգանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով՝  4  տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Ինչո՞ւմ է մեղադրվում նախկին քաղաքապետը

Մեղադրական եզրակացության համաձայն` Նելսոն Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:

Մասնավորապես՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է  Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։ Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում՝ 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է  729 հազար դրամ:

Կան նմանատիպ մի քանի դրվագներ ևս, և այս ամենի արդյունքում` 2011 թվականի նոյեմբերի 30-ին, 2013 թվականի ապրիլի 30-ին, սեպտեմբերի 6-ին, 24-ին և հոկտեմբերի 30-ին կազմված կատարողական ակտերում` նախահաշիվ-ծավալաթերթերում, նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառել է էական վնաս:

Սուրիկ Խաչատրյանն անտեսե՞ց հովանավորյալին նեղության պահին

Նախորդ տարվա հունիսի 8-ին Գորիս քաղաքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրությունները: Armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ, բնականաբար, այս ընտրություններն առաջին հերթին հետաքրքրություն ներկայացրին այն հանգամանքով, որ 2000-ից քաղաքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը չներկայացրեց իր թեկնածությունն ընտրություններում: 14 տարի Գորիսը ղեկավարողին հաճախ էին ասում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ստվերն» է, ով առանց Լիսկայի ոչ մի քայլ չի անում:

Շատերն այդ ժամանակ ասում էին, թե  քաղաքապետը հենց Սուրիկ Խաչատրյանն է, իսկ Ոսկանյանը պարզապես զբաղեցնում է քաղաքապետի աշխատասենյակը: Եվ դա իրավամբ կարելի է իրողություն համարել, քանի որ մի քանի ընտրություն անընդմեջ նախկին մարզպետն ամեն ինչ արեց, որ ընտրվի հենց իր թեկնածուն` Նելսոն Ոսկանյանը: Նույնը տեղի ունեցավ նաև վերջին ընտրություններին, երբ ընտրվեց հենց Լիսկայի հովանավորյալ Վաչագան Ադունցը:

Ինչով է հայտնի քրեական պատասխանատվության ենթարկված, 14 տարի քաղաքը ղեկավարած ՀՀԿ-ականը

Գորիսում նա մի քանի սեփականություն ունի և նույնիսկ պետական մեքենաները սեփականի տեղ էր օգտագործում: Հայտնի է մի դեպք, երբ նախկին քաղաքապետի որդին վրաերթի էր ենթարկվել` վարելով հենց քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան:

Այստեղ հետաքրքիրն  այն է, որ հենց Ոսկանյանն է արդարացրել կատարվածը` ասելով, թե ինքն էր որդուն հանձնարարել վարել համայնքային սեփականություն համարվող մեքենան: Նրա կենսագրական տվյալներն այնքան էլ առատ չեն. կարծես թե, այդքան բարձր պաշտոններ չի զբաղեցրել, եթե չհաշվենք, որ 14 տարի քաղաքապետ է եղել: 2000 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Նելսոն Ոսկանյանն ամենաերկարակյաց քաղաքապետերից մեկն է, ով փոխարինել է Սուրիկ Խաչատրյանին և դարձել նրա «մարդը» Գորիսում: Գորիսն իսկապես այժմ համարվում է հենց Խաչատրյանի սեփականությունը, որտեղ մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, իսկ քաղաքն էլ իրավամբ կրիմինալ քաղաք է դարձել:

Տաթև Հարությունյան




Լրահոս