Ո՞նց կլինի տենց, ուղիղ ասենք. վարչապետը` նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումը: Նա նշեց, որ կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և նախորդած հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված աշխատանքներ կամ անցել են ՀՀ սնանկության մասին օրենքի համապատասխան հոդվածով սահմանված ստաժավորումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Փաստորեն, մենք բանավոր թեստեր ենք ավելացնո՞ւմ», ինչին նախարարն արձագանքեց, որ այն թեստերը, որոնք կատարվում են գրավոր, դրանց վերաբերյալ բանավոր հարցեր են տրվելու, եթե կարիք լինի: «Եթե որակավորման հանձնաժողովի մոտ թեստավորողի իմացության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում, այդ հարցադրումների հիման վրա ևս մեկ փուլ է նախատեսվում»,-մանրամասնեց նախարարը:

Վարչապետը զարմացավ. «Ո՞նց կլինի տենց: Ողիղ ասենք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը, ի՞նչ է նշանակում՝ գրավոր հարցերից պետք է հարցեր տանք, եթե հարցեր առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ գրեք ուղիղ, որ գրավորից բացի՝ բանավոր հարցազրույց թող անցնեն, ի՞նչ եք տողատակում, նպատակն ի՞նչ է, ճիշտը դա է»:

Հ. Աբրահամյանը հանձնարարեց լրացուցիչ քննարկել այս հարցը:




Լրահոս