ՊԱՌԱԿՏՈՂԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման խիստ դատավճիռն, ըստ էության, անսպասելի էր: Բնականաբար, ոչ ոք չէր ակնկալում, որ մոտ մեկ տարի ձգված բազմաթիվ անհեթեթ դրվագներով լի դատավարությունից հետո ՀԱԿ երիտասարդներին կարդարացնեին: Բայց եւ` վեց տարվա ազատազրկումը նույնպես  անակնկալ էր: Սակայն քանի որ Հայաստանում նման հարցերը վճռվում են բացառապես Բաղրամայան 26-ում եւ բացառապես ներքաղաքական   գործընթացների կառավարման համատեքստում, ակնհայտ է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման դատավճիռ է կայացվել` ելնելով որոշակի քաղաքական հաշվարկներից: Հասկանալու համար դրանց էությունը, պետք է  նախ վերլուծել, թե ինչ գերխնդիր է իր առջեւ դրել իշխանությունը: Իսկ այս պահին  եւ առհասարակ` ընդդիմության հետ կապված իշխանության գերխնդիրը մեկն է` ոչ մի դեպքում թույլ չտալ ընդդիմադիր դաշտի միավորում: Ինչպես կարող էր դրան նպաստել ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը` շատ պարզ. խնդիրն այն է, որ այս դեպքում թերեւս դժվար էր միանշանակ պնդել, որ ՀԱԿ երիտասարդները լիովին անմեղ են եւ հարյուրտոկոսանոց քաղաքական հալածյալներ: Այստեղ իրավիճակը միանշանակ չէ, եւ դա շատ լավ գիտակցում են ընդդիմադիր դաշտում: Հետեւաբար, կանխատեսելի էր, որ այս հարցում ընդդիմադիր ուժերի միասնական արձագանք չի լինի` այդպիսով եւս մի քանի սանտիմետրով կամ մետրով խորացնելով ՀԱԿ-ի եւ մնացած ընդդիմադիր ուժերի միջեւ առաջացած ճեղքվածքը:
Սակայն ՀԱԿ-ը, բնականաբար, չի կարող չարձագանքել իր ակտիվիստների նկատմամբ նման աղաղակող անհամաչափ դատավճռին եւ ստիպված է դիմել պայքարի «փողոցային ձեւերին»: Այսինքն՝ անել այն, ինչը հենց իշխանությունները ծրագրել են. իրականում նման դատավճռի կայացմամբ իշխանությունները ՀԱԿ-ին միտումնավոր կրկին մղեցին դեպի փողոցային պայքար` այդպիսով եւս մեկ անգամ տեսանելի դարձնելով, որ այդ պայքարում ՀԱԿ-ի կողքին չէ ԲՀԿ-ն: Հաջորդ կարեւոր պահն այն է, որ «Հարսնաքար»-ի դեպքից հետո ակտիվացած տարբեր քաղաքացիական շարժումները կարծես թե սպառնում էին լուրջ խնդիր դառնալ Սերժ Սարգսյանի համար, հետեւաբար, այստեղ եւս բավականին հետաքրքիր խառնաշփոթ ստեղծվեց, երբ այդ ակտիվիստական խմբերի առատության եւ տարբեր ուղղվածության մեջ ներմուծվեց հստակ քաղաքական  բաղադրիչ` ՀԱԿ ակտիվիստների համար պայքարի տեսքով, ինչի արդյունքում էլ տարրալուծվեց քաղաքացիական պայքարի վեկտորը: Սակայն նշված գործոններն, անշուշտ, կենսունակ են ընդամենը մի կարճ փուլի համար, թերեւս` մինչեւ հոկտեմբեր, երբ արդեն լայն թափով կմեկնարկեն նախընտրական գործընթացները: Իսկ արդեն այդ ժամանակ էլ ոչինչ չի խանգարի, որպեսզի Սերժ Սարգսյանը հերթական «հայրական» զրույցն ունենա դատական համակարգի ղեկավարների հետ` նրանց «հորդորելով» վերանայել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ այդ «ոչ այնքան գեղեցիկ» դատավճիռը: Մնում է, որ մինչ այդ  ընդդիմության միավորման հեռանկարը շարունակի բավարար չափով մտահոգել  իշխանություններին:




Լրահոս