
Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն հրապարակեց, որ Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կազմակերպած ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Դիվանագիտական խողովակներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման ժամանակ քննարկվել է ոչ միայն Սիրիայի օրեցօր վտանգավոր դարձած հիմնահարցը, այլեւ ԵվրԱզԷս-ին Հայաստանի անդամակցության խնդիրը: Վերջին հարցի առնչությամբ, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանը հստակ որեւէ բան չի ասել՝ ակնարկելով, որ Հայաստանն այսօր ունի ֆինանսական ներդրումների կարիք եւ այն ստանալուց հետո միայն առարկայական կխոսի ԵվրԱզԷս-ի մասին: