ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱԺՆԵՏԵՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով` հուլիսի 23-ից հարկային 6 տարածքային տեսչություն է կրճատվել, ինչի արդյունքում համակարգից դուրս է մնացել 134 աշխատակից: Բարեփոխումների եւ հարկային վարչարարության մասին «Ժողովուրդ»-ի հետ բացառիկ հարցազրույցում պարզաբանումներ է տալիս ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
-Արդյոք օպտիմալացման կարեւորությունն ավելին է, քան այն, որ աղքատության եւ գործազրկության պայմաններում եւս 134 մարդ կհամալրի աշխատանք փնտրողների բանակը:
-Դա բարեփոխումների պահանջն է: Կրճատվողները կմնան կադրերի հսկողության տակ եւ ծառայությունում տեղ ազատվելու դեպքում կրկին կանցնեն աշխատանքի:
-Որքա՞ն է կազմում նրանց աշխատավարձի ֆոնդը, եւ տնտեսված գումարն ի՞նչ նպատակի կուղղվի:
-Ամսվա կտրվածքով  կազմում է 15 մլն 800 հազար դրամ: Մինչեւ տարեվերջ քառամսյա տնտեսումը կկազմի շուրջ 63 մլն 230 հազար դրամ, որն էլ կուղղվի բարեփոխումների ծրագրի իրականացմանը:
-Սերժ Սարգսյանը կարծես այդքան էլ գոհ չէ բյուջեի եկամուտների հավաքագրումից, որի կատարման մեջ գլխավոր դերակատարում ունի ՊԵԿ-ը: Դրանո՞վ է պայմանավորված հանրապետությունում հարկային կոշտ քաղաքականությունը:
-Համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, քանի որ ՊԵԿ-ը միշտ էլ կատարել է պետբյուջեի նկատմամբ իր պարտավորությունները: Այլ բան է, որ 2012-ը լարված տարի է, թեկուզ այն առումով, որ ՀՀ նախագահի հրամանով պետք է հավաքագրվի 101 մլդ դրամ լրացուցիչ գումար: Այս ճանապարհին կոմիտեն մշակել է մեթոդների, գործիքների կիրառման մեխանիզմ, որով աշխատանք պետք է տարվի ստվերային շրջանառությունների հայտնաբերման ուղղությամբ:
-Կա տեսակետ, որ հարկային մարմնի կողմից տարբերակում է դրվում փոքր եւ միջին ձեռներեցության եւ խոշոր բիզնեսների միջեւ: Արդյոք դա որոշվում է այն հանգամանքով, որ խոշոր բիզնեսի գլխին հիմնականում պետական պաշտոնյաներն են:
-Իհարկե ոչ: Սահմանադրությամբ պետական պաշտոնյաներին արգելված է բիզնես գործունեություն իրականացնել, սակայն օրենքը չի մերժում նրանց որեւէ կազմակերպության բաժնետեր լինել: Մյուս կողմից, մենք փոքր բիզնեսին չենք նայում որպես եկամտի աղբյուր: Հետեւաբար մեր թիրախը խոշոր բիզնեսներն են: Իսկ հարկերի գանձման առումով երկուսի նկատմամբ էլ կիրառվում են միեւնույն՝ օրենքով նախատեսված մեթոդները:
-ՊԵԿ-ի նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը նույն մոտեցումնե՞րը կցուցաբերի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նրան պատկանող կազմակերպություններում վերահսկողության գործառույթ իրականացնելիս: Հաշվի կառնվի՞ այն հանգամանքը, որ նա, պետական պաշտոնյա լինելով հանդերձ, զբաղվում է գործարարությամբ:
-Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ասեմ, որ հարկային տեսուչները գործ են ունենում փաստաթղթերի հետ եւ չեն իջնում կենցաղային մակարդակի՝ ստուգելու, թե ում է պատկանում այս կամ այն կազմակերպությունը: Կոմիտեի նախագահին օրենքը չի մերժում բաժնետեր լինել, ուստի Ձեր հարցի ենթատեքստն ինձ անհասկանալի է:
-Իմ հարցն ուղիղ է ու ենթատեքստ չունի: Ես նորից են կրկնում, ՊԵԿ նախագահի բիզնեսները ստուգելիս արդյոք տարբերակում չի դրվում: Տեսուչի՝ այդ բիզնեսի ստուգումներին մատների արանքով նայելը չի՞ համարվում էթիկային կանոնների խախտում:
-Կոմիտեի նախագահը Սահմանադրությամբ իրավունք չունի զբաղվել ձեռներեցությամբ:
-Բայց զբաղվում է չէ՞:
-Ո՛չ: Դետալների մեջ եք մտնում: Կրկնում եմ՝ մեր օրենսդրությունը չի սահմանափակում մարդուն ունենալ բիզնես, հարստություն, ուրիշ բան է, երբ դրանք չեն հայտարարագրվում:
-Ուզում եք ասել՝ Գագիկ Խաչատրյանը բիզնես չունի՞:
-Իր անունով գրանցված որեւէ բա՞ն գիտեք:
-Պարո՛ն Ալավերդյան, ակնհայտ լարվածություն է նկատվում ՀՀ վարչապետի եւ ՊԵԿ նախագահի միջեւ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Եթե կա լարվածություն, ապա դա հայացքների, տեսակետների բախում է, որը պետբյուջեի օգտին է: Չմոռանանք, որ մեր որոշումները կայացնում է կառավարությունը, մեզ միջոցներ է տրամադրում էլի կառավարությունը, ու եթե լուրջ լարվածություն լիներ, մենք դրանք այդքան ոգեւորված կյանքի չէինք կոչի:
-Որպես ՀՀ քաղաքացի՝ ի՞նչ գնահատական կտաք ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ նման խստագույն պատժի կիրառմանը, այն դեպքում, երբ մարտի 1-ի ոճրագործները դեռեւս անպատիժ են:
-Ճիշտն ասած, Ձեզնից լսեցի ակտիվիստների մասին: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր արարքի համար պիտի համարժեք գնահատական տրվի:

Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս