ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՑՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես երիտասարդ պատգամավորներ այսօր ամեն գնով փորձում են մոռացության տալ իրենց անցյալն ու գաղտնի պահել կենսագրության որոշ էջեր: Բանն այն է, որ նրանցից շատերը ժամանակին եղել են թունդ ընդդիմադիր: Ընդ որում ոչ թե շարքային ընդդիմություն, այլ ընդդիմադիր կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ կամ վարչության անդամ: Միայն թե ԱԺ պաշտոնական կայքում իրենց կենսագրության մեջ «մոռացել» են այդ մասին նշել:
Սամվել Ֆարմանյանի համար ՀՀԿ-ն երրորդ կուսակցությունն է, որին նա անդամակցում է. այս երիտասարդն իր քաղաքական կարիերան սկսել է ՕԵԿ-ից: Ժամանակին նա ՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդն էր, Արթուր Բաղդասարյանի ջերմեռանդ պաշտպանն ու հետեւորդը: Նա Արթուր Վահանիչին փորձում էր նմանակել ամեն քայլափոխի` իր հագուկապով, շարժուձեւով, խոսելու տոնայնությամբ: Բայց այն բանից հետո, երբ 2007թ. Արթուր Վահանիչը նրան չդարձրեց պատգամավոր, Ֆարմանյանը հեռացավ այդ կուսակցությունից: Որոշ ժամանակ անց հայտնվեց Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հովանու տակ գործող ՄԻԱԿ-ում: Եւս որոշ ժամանակ անց` արդեն ԱԺ ընտրությունների նախաշեմին, նա անդամակցեց ՀՀԿ-ին. հավանաբար քաղաքական դաշտում երկարատեւ դեգերումները նրա մեջ տարոնանժդեհական, ցեղակրոն ինչ-որ հատկություններ էին առաջացրել, ու իր կյանքի 34-րդ գարնանը հայտնաբերելով դա՝ որոշեց պաշտոնականացնել: Բայց ահա իր կյանքի այդ փառավոր էջերի մասին Սամվել Ֆարմանյանը «մոռացել է» նշել կենսագրության մեջ՝ փոխարենը հիշատակելով 2012թ. ՀՀԿ անդամ դառնալը:
Այս հարցում նրանից ետ չի մնում ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Նաիրա Կարապետյանը: Վերջինս էլ ժամանակին ՀԺԿ անդամ էր, ՀԺԿ երիտասարդական կառույցի ղեկավարը: Իսկ նրա հայրը` Արտաշես Կարապետյանը, ՀԺԿ Գյումրու կառույցի ղեկավարն էր: 2003-2004թթ. Նաիրան ակտիվորեն, անմնացորդ կերպով պայքարում էր ապօրինի ռեժիմի դեմ: Նա Գյումրու տեղամասերից մեկում 2003-2004թթ. նախագահի եւ ԱԺ ընտրություններում, լինելով Ստեփան Դեմիրճյանի ու «Արդարություն» դաշինքի վստահված անձը, կարողացել էր ընտրությունների օրը այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ անգամ քրեական տարրերին չհաջողվեց լցոնումներ կամ որեւէ կեղծիք անել հօգուտ Ռ. Քոչարյանի կամ իշխանական կուսակցությունների: ԱԺ ընտրություններից հետո նա դարձավ «Արդարություն» դաշինքի պատգամավորների օգնականը: Բայց Նաիրա Կարապետյանն էլ իր հերթին է «մոռացել» հիշատակել կուսակցական անցյալի մասին՝ փոխարենը հպարտորեն մատնանշել 2008թ. ՄԻԱԿ կուսակցության անդամ լինելու փաստը: Ասում են` նրա ՀՀԿ-ացումը եւս ընթացքի մեջ է, պարզապես դեռ չի եկել հարմար պահը:
Այս իրավիճակը, սակայն, միայն ՀՀԿ-ականների մոտ չէ. «հիշողության կորուստ» է նաեւ ԲՀԿ խմբակցությունում: ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քաղաքական կարիերան եւս սկսվել է 2000-ական թվականներից. նա էլ եղել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ մինչեւ 2006թ. ղեկավարել է կուսակցության երիտասարդական կառույցը, ավելին, ընտրվել քաղխորհրդի կազմում: Բայց կարճ ժամանակ անց նա դուրս եկավ այս կուսակցությունից ու դարձավ ընդամենը ԱՆ ռեգիստրում դե յուրե գոյություն ունեցող Երիտասարդական կուսակցության փոխնախագահը, այնուհետեւ` նախագահը: 2011թ. լուծարեց այն ու մտավ ԲՀԿ: Բաբայանն իր անդամագրված երեք կուսակցություններից միայն վերջին երկուսի մասին է հիշել ԱԺ կենսագրության մեջ, իսկ առաջինի` «Հանրապետության»  անդամ լինելու փաստը թաքցնում է խնամքով:
Գյումրեցի Մարտուն Գրիգորյանն էլ ժամանակին «Դաշինք» կուսակցությունից էր, նախորդ գումարման ԱԺ-ում նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց որպես «Դաշինք»-ի անդամ: Որոշ ժամանակ անց դուրս եկավ այնտեղից, իսկ հիմա այդ կուսակցությունը փաստացի գոյություն չունի: 2007թ. կենսագրության մեջ նա մատնանշել էր «Դաշինք»-ի անդամ լինելը, բայց հետո կայքերում այդ փաստը կորավ, փոխարենը այսօր նա ԲՀԿ-ական է: Թեեւ այս դեպքում միգուցե իմաստ չունի խոսել արդեն իսկ գոյություն չունեցող կուսակցության մասին:
Նկատենք, սակայն, որ միայն երիտասարդները չեն հրաժարվել իրենց կուսակցական պատկանելությունից. իր անցյալի այդ էջերն է մոռացել, օրինակ, Վարդան Այվազյանը. նրա պաշտոնական առաջխաղացումը սկսվել է ՀՀՇ շնորհիվ, երբ ինքն ակտիվ ՀՀՇ-ական էր, ՀՀՇ ընտրակեղծարարներից: Իր ԲՀԿ-ական անցյալն է «մոռացել» նաեւ Թալինի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մնացական Մնացականյանը: Ընդ որում նա պատգամավոր դառնալուց առաջ նախ դարձավ ՀՀԿ-ական. ու հիմա իր կենսագրության մեջ չի ուզում հիշատակել ԲՀԿ-ին անդամակցելու փաստը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս