ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է
«Սիվիլիթաս»-ի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Ո՞Վ ԳԻՏԻ
«Քաղաքականության մեջ կան եւ կլինեն պարտություններ, որոնք շատ հաղթանակներից ավելի արժանապատիվ են: Կցանկանայի հռետորական հարց հնչեցնել՝ արդյոք սա արժանապատիվ պարտություն էր, եթե պարտություն էր… Գուցե ՀԱԿ-ից հեռացողները դեռ ժամանակին հստակ գիտակցո՞ւմ էին, որ այդ քաղաքականության արդյունքում զրկվելու են նույնիսկ արժանապատիվ պարտության հնարավորությունից… Ո՞վ գիտի…»,-Aravot.am-ին ասել է ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը:
ՉԻ ՎԱՃԱՌԻ
«Հին Էրիվան» ռեստորանի պատշգամբից այլեւս կախված չէ «վաճառվում է» ցուցանակը: Հիշեցնենք, որ ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մտադիր էր վաճառել ռեստորանը` պարտքերի դիմաց այն «Յունիբանկ»-ին հանձնելու փոխարեն: Երեկ Հայաստան վերադարձած սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ հնարավոր է՝ այլեւս չվաճառեն «Հին Էրիվան»-ը. «Ամեն ինչ անում ենք, որ չվաճառենք: Ես եմ պնդում, որ բանկում կատարեն ճիշտ հաշվարկ, վճարեմ, դուրս գամ»:
ԽԵՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Էջմիածնի քաղաքապետի աթոռի համար կրկին կպայքարեն գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, եւ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Թեեւ Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ ոչ միայն չի առաջադրվի Մանվել Գրիգորյանի որդու դեմ, այլեւ կպաշտպանի նրան, սակայն երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Ուզում էի չառաջադրվել, նման հայտարարություն արդեն արել էի, բայց հիմա՝ չգիտեմ: Ժողովուրդը եկել համոզում է: Չգիտեմ՝ ինչ ասեմ, ոնց բացատրեմ, ոնց մերժեմ»:
ՈՒԹԵՐՈՐԴ ՏԵՂԸ
Յուրմալայում ավարտվել է հերթական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը: Այս տարվա հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը` Նիլուն: Նա ստացել է «Բյուրեղապակե ալիք» մրցանակն ու 50 հազար եվրո դրամական պարգեւ: Երկրորդ տեղում Իտալիայի ներկայացուցիչն է` Կոնստանցո Դել Պինտոն, իսկ երրորդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Երեմչուկին: Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը:
ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ փոխնախարարներն ու փոխմարզպետները հայտարարություն են տարածել, թե 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Իսկ իրենք էլ, հավատարիմ մնալով իրենց կուսակցության քաղաքական որոշմանը, հրաժարական են տալիս: Նրանց փոխարինողների հարցը կլուծվի սեպտեմբերին:
ՄԻԱՑԵԼ Է
Հայաստանում Սիրիայի դեսպանատան մամուլի ծառայությունն անուղղակիորեն հաստատում է տեղեկությունն այն մասին, որ դեսպանատան խորհրդական Մուհամադ Հոսամ Հաֆեզը միացել է ընդդիմությանը: Tert.am-ի տեղեկացմամբ՝ երեկ խորհրդականն աշխատանքի չի ներկայացել, ինչն էլ ենթադրել է տալիս, որ որոշ արաբական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե նա միացել է ընդդիմությանը, ճիշտ է: Սիրիայի դեսպանատանը չգիտեն, թե որտեղ է այժմ Մուհամադ Հոսամ Հաֆեզը: Ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին են հայտարարել Իրաքում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բելառուսում Սիրիայի դեսպանները: