Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Վերնիսաժի գործով» դատական գործի քննությունը:
Մեղադրող դատախազը ներկայացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները: Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին դիրքորոշում հայտնեց, որ այն հանգամանքը, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքում իր պաշտպանյալի մոտ հայտնաբերվել է շարունակական ագրեսիվ նևրոտիկ վիճակ` հիշողության ժամանակավոր կորուստով, խոսում է այն մասին, որ սրանք էական տվյալներ են Գոռ Առաքելյանի հոգեվիճակի վերաբերյալ:
Ապա մեղադրողը ներկայացրեց ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի` դեպքի օրը ստացած վերքերը՝ դրանք համարելով կյանքին էական վտանգ ներկայացնող, իսկ պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ ամբաստանյալի մոտ առկա է չորս միջանցիկ վնասվածք` կենսականորեն կարևոր օրգաններից դեպի ներքև: Այսինքն՝ պաշտպանի դիրքորոշմամբ դրանք մարմնական միջին վնասվածքներ են` կյանքին չսպառնացող: «Այլապես կլիներ ծանր վնասվածք», – պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի ստացած վնասվածքներին, պաշտպանական կողմը դիրքորոշում չհայտնեց: Նշենք, որ ըստ եզրակացության՝ Վ. Հովհաննիսյանի` դեպքի օրը ստացած վնասվածքներն առողջությանը ծանր վնաս են պատճառել: Պաշտպանը տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ Վ. Հովհաննիսյանի հագուստի վրա հայտնաբերվել է մեկ վնասվածքի հետք, իսկ մարմնի վրա` երկու: «Երկրորդ վնասվածքը հագուստի վրա, ըստ էության, հետք չի պարունակում», – շարունակեց պաշտպանը:
Այս պահին հայտարարվել է ընդմիջում, որպեսզի նիստերի դահլիճ բերվեն իրեղեն ապացույցները, ապա՝ Գոռ Առաքելյանի ատրճանակը՝ փորձաքրեագիտական, ուսումնասիրության ենթարկելու նպատակով: