Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ, ըստ Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի, բավականին դյուրացվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «Հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների միջև առևտուրը կատարվում է առանց ներմուծման և արտահանման մաքսատուրքերի՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչի արդյունքում բավականին հեշտացել է ՀՀ-ում արտադրվող ապրանքների արտահանումը Միության երկրներ:
Ընդ որում, ԵՏՄ ապրանքները ՀՀ ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում»։ Տնտեսվարողներն, ըստ էության, ամենաշատն են առնչվում Արարատյան տարածաշրջանային մաքսատան հետ. այստեղ գրանցված մոտ 19400 արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներից գործում են 9000-ը, իսկ մոտ 3000 մասնակիցներ արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում ԵՏՄ անդամ պետություններում գրանցված կազմակերպությունների հետ։ «Փոփոխություններով, փաստորեն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չունեն. նոր կարգով ներմուծման կամ արտահանման վերաբերյալ ընդամենը 2 փաստաթղթերը տնտեսվարողը ներկայացնում է հարկային մարմին»,-տեղեկացրել է Արամ Քոչարյանը:
ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև ներմուծման դրույքաչափերում. որոշ խումբ ապրանքների համար նվազեցվել կամ նույնիսկ զրոյացվել են դրույքաչափերը, իսկ որոշ ապրանքերի դեպքում` բարձրացվել, սակայն Հայաստանի կառավարության ջանքերով 776 ապրանքների դրույքաչափեր մնացել են անփոփոխ. դրանք կհավասարվեն մաքսային միության դրույքաչափերին` սկսած 2022 թվականից։ Օրինակ՝ սննդամթերքը, արտադրության հումքը, շինանյութը և այլ ապրանքներ։ Նվազել են սառեցված ձկան, ավտոպահեստամասերի որոշ տեսակների, պլաստմասե խողովակների, պլաստմասե այլ արտադրանքի, արևադարձային մրգերի մաքսատուրքերը, իսկ հանվել է կանաչ սուրճի, պոմպերի, կոմպրեսորների, կենցաղային էլեկտրատեխնիկայի որոշ տեսակների մաքսատուրքը։ Կան նաև որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացում. կահույքի, կենցաղային էլեկտրատեխնիկայի, փայտանյութի, ավտոպահեստամասերի որոշ տեսակների։
Մաքսատան պետ Արամ Քոչարյանի խոսքով` համաձայն Մաքսային Միության մաքսային օրենսգրքի 185-րդ և 170-րդ հոդվածների` նորամուծություններ կան նաև ոչ ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման մասով. «Օրենսդրական փոփոխությունների արդյունքում երկարացվել են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների հայտարարագրման համար սահմանված ժամկետները. նախկին 10 օրվա փոխարեն սկզբնական 2 ամիս՝ հետագայում ևս 2 ամսով երկարաձգելու հնարավորությամբ»։ Այսինքն, ներկրողներին հնարավորություն է ընձեռնվել ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարումները կատարել հայտարարագրումից հետո մինչև սահմանված ժամկետում այդ ապրանքների բաց թողնումն՝ առանց տույժերի և տուգանքների։
ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին