Նորածնային խնամքի սարքավորումներ` Հրազդանի բժշկական կենտրոնին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ-ի ներկայացուցիչ նեոնատոլոգ Արշակ Ջերջերյանն այցելել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի ծննդատուն: Հիվանդանոցում տարեկան ծնվում է ավելի քան 1000 երեխա, ուստի վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար նախատեսված սարքավորումների առկայությունը առաջնային նշանակություն ունի: Այս նպատակով ծննդատանը տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ՝ տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաև երակային ներարկման պոմպ:

Տրամադրված բուժսարքավորումների և սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝ հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը:

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության յոթերորդ տարին: Ծրագրի շրջանակներում Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք ստացել են նորածնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

«Կյանքի խորհուրդներից մեկը ժառանգ ունենալն է, որին փոխանցում ես քո արժեհամակարգը, ուղղություն ես ցույց տալիս նրան , նպաստում ես, որ զավակդ հասարակության արժանի անդամ դառնա` հետագայում այդ ամենն արդեն իր ժառանգին փոխանցելու համար: Սա է յուրաքանչյուր ընտանիքի երազանքը, և դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ծանր ապրումներ են ունենում այն ծնողները, ում երեխան առողջական խնդիրներով է ծնվում: Նման դեպքերում շատ բան կախված է ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունից: Սակայն, նույնիսկ ամենաբարձր որակավորմամբ բժիշկը կարող է անզոր լինել, եթե իր տրամադրության տակ չլինեն համապատասխան սարքավորումներ: Անհեթեթ կլինի, եթե երեխայի կյանքը չհաջողվի փրկել` անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով միայն: «BirthLink»-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը հենց այդ ռիսկերի կրճատումն է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:

Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած բարդությունների վերացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով:

ՎիվաՍել-ՄՏՍ…Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

 

viva1

viva2

viva3

viva4

viva5

 




Լրահոս