Արդեն չորրորդ տարին է՝ Վանաձորում անցկացվում է «Աշխատանքի տոնավաճառ» Լոռու մարզի գործատուների եւ աշխատանք փնտրողների մասնակցությամբ:
Այս տարի տոնավաճառին մասնակցում էին 32 գործատու կազմակերպություններ Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան եւ Սպիտակ համայնքներից: Գործազուրկներին առաջարկվում էր առկա 550 եւ կանխատեսվող 421 աշխատատեղ: Թափուր աշխատատեղերի մեծ քանակով աչքի էր ընկնում Վանաձորի քիմիական գործարանը: Աշխատատեղեր էին առաջարկում Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, երկու բանկեր, «Թեղուտ» ՓԲԸ-ն, ատամնաբուժական ծառայություններ մատուցող եւ այլ կազմակերպություններ: Առաջարկվող աշխատատեղերը նախատեսված էին առավելապես միջնակարգ եւ միջին մասնագիտական կրթությամբ անձանց համար:
Ինչպես տեղեկացրեց Լոռու զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, ներկայում մարզում գրանցված է 9300, Վանաձորում՝ 5026 աշխատանք փնտրող: Գործազուրկները հիմնականում 30-50 տարեկան անձինք են: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ավելացել է աշխատանք փնտրող երիտասարդների թիվը: Ա. Առաքելյանը փաստում է՝ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ «Աշխատանքի տոնավաճառ»-ի շրջանակում գործատու-աշխատանք փնտրող համագործակցության արդյունքում բավականին մեծ թվով մարդիկ աշխատանք են գտել:
54-ամյա տեխնիկ-տեխնոլոգ Կարինե Մանուչարյանը 26 տարի աշխատել է իր մասնագիտությամբ: Հիմա գտնվում է գործազուրկի կարգավիճակում: «Աշխատանքի տոնավաճառ» է եկել մեծ ակնկալիքով, քանի որ, ըստ նրա, «հույսը վերջինն է մեռնում»: Միջնակարգ մասնագիտական կրթությամբ հաշվապահ, տնակային ավանի բնակիչ 35-ամյա Կարինե Բաղդասարյանը գործավար է աշխատել, բայց հիմա հայտնվել է աշխատանք փնտրողների ցուցակում: «Աշխատանքի տոնավաճառ»-ից նրա սպասելիքները եւս մեծ են. հույս ունի, որ կգտնի նվազագույնը 50 հազար դրամ աշխատավարձով աշխատանք: Կարինեի կարծիքով՝ նույնիսկ նշված աշխատավարձն է քիչ ներկայիս պայմաններում. հիմիկվանից մտածում է, թե ինչպես պետք է ձմռանը գազի վարձ մուծի: Վանաձորի քիմգործարանում հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող կորունդի ապարատավար Ավագ Առաքելյանն իր ռեզյումեն հանձնել է գործատուներին: Գուցե օրերից մի օր իրեն կանչեն աշխատանքի: Ինչ վերաբերում է աշխատավարձի չափին, Ա. Առաքելյանի ակնկալիքները մեծ են. «Գոնե 150 հազար չլինի՞»:
Վանաձոր