Աշխատանքային այցով Գյումրիում էր քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանը: Բնակբաշխման հանձնաժողովի վերջին նիստին տեղի ունեցավ նաեւ անօթեւան ընտանիքների բնակբաշխման վիճակահանության գործընթացը, որին մասնակցեց նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած 92 ընտանիք: Հերթական նիստը գրեթե չտարբերվեց նախորդներից. անօթեւանները դարձյալ աղմկում էին, նախարարից ու տեղի իշխանավորներից պահանջում իրենց հասանելիք բնակարանը, բողոքում տարիներ ձգված փաստաթղթային քաշքշուկներից: Սակայն անօթեւանի վիճակը հասկանալու փոխարեն պաշտոնյաներն իրենց հերթին զայրանում էին, թե՝ «անգիր եք արել, բավական է նույն բանը կրկնեք»:
Հարկ է նշել, որ կան մարդիկ, որոնք այսքան տարի սպասելուց հետո բնակարան չեն ստանում այն հիմնավորմամբ, որ ժամանակին այս կամ այն փաստաթուղթը չեն ներկայացրել:«Էդ խի՞ղճ է: 75 տարեկան մարդ եմ, մեռա դռնեդուռ ընկնելով, որ 3 սենյակ եմ կորցրել, գոնե մեկ սենյակ տան, բայց հիմի կանգնել եմ փաստի առաջ: Կըսեն չի հասնի ու էլ լսել չեն ուզե: Կբացատրեմ, չեն փորձե հասկանալ, մտնել դրությանս մեջ»,-նեղսրտում է անօթեւան Վազգեն Սարգսյանը:
Վիճակահանությամբ բաժանվեց 60 մեկսենյականոց, 26 երկու եւ 6 երեքսենյականոց բնակարան: Սակայն Գյումրիում դեռեւս հազարավոր մարդիկ անտուն կմնան: Նախարար Սամվել Թադեւոսյանը չի հստակեցնում, թե ինչպես է հետագայում կարգավորվելու մյուս անօթեւանների բնակարանային խնդիրը: «Ովքեր անօթեւան չեն, բայց բնակվում են տնակներում, նրանց ճակատագիրն էլ ներկա դրությամբ կարգավորված չէ: Մինչեւ չավարտենք երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների հարցը, այլ հարցեր չեն քննարկվում»,-փոխանցեցին Շիրակի մարզպետարանից:
Քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ Մուշ-2 թաղամաս: Սամվել Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Բնակարան ստացողները բնակարանամուտը կանեն սեպտեմբերին: Ընդ որում շենքերը պետք է հանձնվեն իրենց համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով, այսինքն՝ ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացում»:
Շինկազմակերպության տեղի պատասխանատու Միքայել Ներսիսյանը վստահեցրեց, որ մինչեւ սեպտեմբեր չհասցնելու հետ կապված խնդիրներ չկան: Այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ այդ գործը ժամանակատար չէ, եւ ամեն ինչ կհասցնեն: Նախարարը շրջեց նորակառույց թաղամասում եւ որոշակի հրահանգներ տվեց շինկազմակերպությանը:
Եթե իսկապես տեղի ունենա բնակարանամուտ, ապա սեպտեմբեր ամսին շահագործման կհանձնվի 38 շենք Մուշ-2 թաղամասից, 5-ը՝ Անի թաղամասից:
Գյումրի