Որոշ ժամանակ առաջ «Armenoids» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը «Ֆեյսբուք»-ի իր պատին չափազանց նեղացած ու վիրավորված թողել էր հետեւյալ գրառումը. «Ցավոք, այն արժեքները, ինչ թողել է «Armenoids»-ը, շատ քիչ գնահատվեցին հեռուստաընկերությունների կողմից, քանի որ իրենց պետք չեն հայոց այբուբենին վերաբերող տեսահոլովակներ, հայկական մանրանկարչություն եւ կոմիտասյան երաժշտություն»:
-Ես իսկապես շատ վրդովված եմ եղել, նեղվելու խնդիր չկա, հենց այդպես էլ մտածում էի: Մենք մնայուն արժեքներ ենք ստեղծել, որոնք անտարբերության են մատնվում նույն հեռուստաալիքների կողմից, առավել եւս, որ այս տարի Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Դա լուրջ բացթողում է մշակութային զարգացման տեսակետից, եթերից էլ լուրջ բովանդակությամբ գործեր մատուցելու պակաս ունենք: Համապատասխան հեռուստաընկերությունը չպետք է մտածի, որ սա իմ հորքուրի թոռն է կամ եսիմ ում բարեկամն է կամ էլ 200-300 դոլար վճարել է, որ եթերում իր 6/8 երգերը ներկայացնի: Պետք է մտածել, որ այդ եթերը նայում են փոքր երեխաներ ու կարող են տեսնել տեսահոլովակ հայոց այբուբենի` մեսրոպյան տառերի մասին: Կարծում եմ՝ դա կրիմինալ բան չէ, որ եթերից Կոմիտաս ես ներկայացնում: Ինձ համար չենք անում, միեւնույն է, ես դրանից գումար չեմ աշխատում, թող իրենք մտածեն, թե ինչի չեն ցուցադրում: Ի դեպ, նախորդ տարիներին եւ ոչ մի անգամ էլ մեզ չեն տվել լավագույն նոմինացիա, բայց չգիտես ինչու, հենց մեր տեսահոլովակն են 3D տեսքով ցուցադրում Մատենադարանի պատին, որտեղ անգամ հանրապետության նախագահն էր ներկա: Ու այստեղ հարց է ծագում. եթե դա լավագույնը չէ, ու համաժողովրդական գնահատականի չեք արժանացնում, այդ դեպքում ինչո՞ւ եք վերցնում ու Գրերի միջազգային օրը Մատենադարանի պատին ցուցադրում ե՛ւ մեր տեսահոլովակը, ե՛ւ մեր երաժշտությունը:
-Իսկ եթե գումար վճարեիք հեռուստաընկերություններից որեւէ մեկին, ցույց չէի՞ն տա:
-Կան հեռուստաընկերություններ, որ սիրով հեռարձակում են մեր տեսահոլովակներն ու աշխատանքները: Չասեմ, որ հեռուստաընկերությունն էր, բայց մեկը եղավ, որ ասաց՝ դե գիտես ինչ կա, մի քիչ, մի փոքր փող տուր էդ տառերը ցույց տալու համար: Ասացի` Կոմիտաս է: Ինքն էլ, թե՝ մի 200 մանեթ տաս, կհեռարձակենք: Ես էլ պատասխանեցի, որ դա մեր այբուբենն է կոմիտասյան երաժշտության ներքո, մենք անգամ չկանք այդ տեսահոլովակի մեջ:
Ես չեմ նեղանում ոչ մեկից, ուղղակի պաշտոնապես ասում եմ, որ 2-3 ամիս նկարահանվեցի սերիալում եւ շատ ուրախ ձեւով «Armenoids»-ի առաջ փակեցին օդերը:
-Այսի՞նքն, ի՞նչ է դա նշանակում:
-Դե ինձ մոտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ պետք է անպայման գնաս ու բոլորի երեսին ժպտաս կամ էլ աներեսություն անես: Ինձ անձամբ ֆիզիկապես էլ դժվար է ամեն հեռուստաընկերության մենեջերի հետ խոսել, համոզել, չէ՞ որ նրանք էլ պետք է շահագրգռված լինեն լավ գործերը ցուցադրել: Եղբա՛յր, մենք ունենք ստեղծած մնայուն արժեքներ, դա ո՛չ ռաբիս է, ո՛չ պոպսա է, ո՛չ էլ շատ կրեատիվ բարդ ստեղծագործություն: Հայկական խումբ է, որը չունի քաղաքական պատկանելություն, ծառայում է ազգային արժեքների պահպանման ու տարածման գործին: Մենք անկախ երեւույթ ենք: Ո՞ւմ համար ցույց չեք տալիս, ի՞մ, որ ես սերիալո՞ւմ եմ նկարահանվում:
-Մերժելուց առաջ ինչ-որ պատճառաբանություններ բերո՞ւմ են:
-Երեւի անձնական նկատառումներով: Կամ էլ երբ ինչ-որ բան անկախ է, կրեատիվ ու չի պատկանում, ասենք, Հանրապետական կուսակցությանը կամ էլ լեւոնական չէ, ոչ էլ «Բարգավաճ» է կամ էն մյուս կուսակցությանը, մտածում են՝ դե մերը չէ, ինչ-որ անկախ խումբ է: Բայց ինչի՞ մասին ենք խոսում՝ մերն է, մերը չէ: Մենք ներկայացնում ենք մշակույթ, ինչը չպետք է ճանաչի ո՛չ քաղաքականություն, ո՛չ էլ անձի հետ կապված որեւէ բան: Ցավոք, մեզ մոտ նմանատիպ խնդիրները միշտ էլ եղել են, ու դրա համար էլ շատ անգամ դռներ են փակվել:
շարունակելի
«ARMENOIDS»-Ի «ՕԴԵՐԸ» ՓԱԿԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ